Սիրիայի անվտանգության ուժերը գրոհել են առափնյա Լաթաքիա քաղաքը, ինչպես նաև Լիբանանի հետ սահմանի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայր:
Ակտիվիստների և ականատեսների վկայությամբ, Լաթաքիա քաղաքում հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված բողոքի ցույցից հետո շաբաթ օրը քաղաք մուտք են գործել Սիրիայի բանակի տանկային ստորաբաժանումները:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, այս քաղաքի որոշ թաղամասերում անվտանգության ուժերի կողմից արձակված կրակի պատճառով զոհվել է առնվազն մեկ մարդ:
Երկրի Քուսայր շրջանի բնակիչների համաձայն, անվանատվություն ուժերը շաբաթի օրը մուտք են գործել Լիբանանի հետ սահմանամերձ տարածքներում գտնվող մի քանի քաղաք՝ ընդլայնելով ընդդիմադիրների դեմ ուղղված գործողությունները:
Սիրիայի կառավարությունը երկրում տեղի ունեցող բռնությունների համար հիմնականում մեղադրում է «զինված խմբավորումները»: Պետական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, շաբաթ օրն անցկացվել է անվտանգության ուժերի երեք ծառայողի հուղարկավորություն, որոնք, ըստ կառավարական աղբյուրների, երկրի մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս քաղաքում «զինված ահաբեկիչների կողմից իրականացված գործողությունների զոհ են գնացել»:
Աշխարհի մահմեդական միջպետական ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը շաբաթ օրը կոչ է արել Սիրիային զսպվածություն ցուցաբերել և առաջարկել իր միջնորդությունը՝ կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով: