Պակիստանում ձերբակալվել են ԿՀՎ-ին տեղեկություններ տրամադրած անձինք

Պակիստանում ձերբակալվել են ԿՀՎ-ին տեղեկություններ տրամադրած անձինք

«New York Times» ամերիկյան օրաթերթի փոխանցմամբ, Պակիստանի զինվորական հետախուզական ծառայությունը Աբբոթաբադ քաղաքում ձերբակալել է հինգ անձանց, որոնք համագործակցել են ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հետ՝ «Ալ-Քայիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի ոչնչացման գործողությունը նախապատրաստելիս։

Ձերբակալվածների թվում է Պակիստանի բանակի մի մայոր, որը գրանցել է բին Լադենի թաքստոցին մոտեցող մեքենաների համարանիշները։

Ձերբակալվածների ճակատագրի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, ԿՀՎ-ի տնօրեն Լեոն Փանետտան անցյալ շաբաթ Պակիստան կատարած իր այցի ընթացքում երկրի պաշտպանության նախարարության և հետախուզական մարմինների հետ անցկացրած հանդիպումների ընթացքում բարձրացրել է ձերբակալվածների ճակատագրի հարցը։

ԿՀՎ-ի ներկայացուցիչները հաղորդել են «New York Times»-ին, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները կապ են պահպանում Պակիստանի իրենց գործընկերների հետ և, ըստ անհրաժեշտության, լուծում են գոյացող խնդիրները։

Բին Լադենին ոչնչացնելուց հետո Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև հարաբերություններում լարվածություն է ստեղծվել։

Պակիստանի բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Սայեդ Ազմաթ Ալին շեշտել է, որ բին Լադենի վրա կատարված հարձակման կապակցությամբ ձերբակալված անձանց թվում սպաներ չկան։