Մատչելի հղումներ

Պակիստանը պատժամիջոցներ է սահմանել բին Լադենի հարձակմանն առնչություն ունեցող բժշկի նկատմամբ


Պակիստանը պատժամիջոցներ է սահմանել բին Լադենի հարձակմանն առնչություն ունեցող բժշկի նկատմամբ
Պակիստանը պատժամիջոցներ է սահմանել բին Լադենի հարձակմանն առնչություն ունեցող բժշկի նկատմամբ

Պակիստանի կառավարության կողմից նշանակված այսպես կոչված «Աբոթաբադի հանձնաժողով»-ը պատժամիջոցներ է սահմանել այն բժշկի նկատմամբ, որն օժանդակել է Միացյալ Նահանգներին «ալ-Քայիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի վրա իրականացված հարձակումը նախապատրաստելու մեջ:

Բժիշկ Շաքիլ Աֆրիդին Աբոթաբադ քաղաքում իրականացրել էր պոլիոմիելիտի դեմ կեղծ պատվաստում, որը նպատակ էր հետապնդում ստանալու բին Լադենի ընտանիքի անդամների ԴՆԹ-ն: Բին Լադենի վրա կատարված հարձակումից հետո Աֆրիդին ձերբակալվել է Պակիստանի իշխանությունների կողմից և այժմ գտնվում է կալանքի տակ:

«Աբոթաբադի հանձնաժողով»-ի կողմից երեքշաբթի օրն ընդունված որոշման համաձայն, մայիսի 2-ին բին Լադենի ոչնչացմամբ ավարտված հարձակման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց ճանապարհորդությունն արտասահման առանց հատուկ թույլտվության արգելվելու է:

Այս ընթացքում Իլինոյս նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Մարկ Քիրքը, որը վերջերս է վերադարձել Աֆղանստանում երկու շաբաթ տևած առաքելությունից, «պարզամիտ և ոչ արդյունավետ» է անվանել ԱՄՆ-ի կողմից Պակիստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը: Սենատորը մեղադրել է Պակիստանին Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեմ պայքարող «Հաքանի» ահաբեկչական ցանցին օժանդակություն տրամադրելու մեջ:

Քիրքը խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին իր կողմից գործադրվող ջանքերն ուղղել Պակիստանի մրցակից Հնդկաստանի վրա և Միացյալ Նահանգների զինուժի ստորաբաժանումների Աֆղանստանից դուրս գալուց հետո աշխատել այս երկրի հետ՝ Աֆղանստանում վերականգնողական առաքելություն իրականացնելու համար:

Իլինոյս նահանգի մեկ այլ սենատոր, դեմոկրատ Դիք Դուրբինն այնուամենայնիվ համաձայն չէ Քիրքի կողմից ներկայացված մեկնաբանությունների հետ: Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Պակիստանին տրամադրվող օժանդակությունն այդքան էլ մեծ գումար չի կազմում, իսկ դրա դադարեցնելը կարող է է՛լ ավելի նպաստել Պակիստանի և ԱՄՆ-ի դեմ հանդես եկող ուժերի մերձեցման:

XS
SM
MD
LG