Պակիստանի թալիբները պատասխանատվություն են ստանձնել ԱՄՆ-ի դիվանագիտական շարասյան վրա երկրի հյուսիս-արևմտյան Փեշավար քաղաքում ուրբաթ օրը կատարված հարձակման համար:
Պակիստանի իշխանությունների համաձայն, զինյալները 50 կիլոգրամ պայթուցիկ նյութ պարունակող հեռահար կառավարվող ռումբ են գործարկել երկու մեքենայից բաղկացած շարասյան դեմ:
Ականատեսների համաձայն, պայթյունի ուժգնության պատճառով մեքենաներից մեկը դուրս է նետվել ճանապարհից` բախվելով ճանապարհի մոտակայքում գտնվող սյանը:
Հարձակման պատճառով զոհվել է մեկ անցորդ, վնասվածքներ է ստացել 11 մարդ:
ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Ալբերտո Ռոդրիգեսը հայտնել է, որ դեսպանության երկու աշխատող թեթև վնասվածքներ են ստացել:
Թալիբների խոսնակի համաձայն, ռմբակոծության իրականացման միջոցով խմբավորումը վրեժխնդիր է լինում Օսամա բին Լադենի մահվան համար, և խոստանում նոր հարձակումներ: