ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտեց Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին «դաժան բռնություններ» կիրառելու և «հումանիտար սարսափելի ճգնաժամ» ստեղծելու մեջ, ինչը, նրա խոսքերով, դարձավ միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու դրդապատճառ։
Միացյալ Նահանգների բազմաթիվ հեռուստաալիքներով երկուշաբթի օրը հեռարձակված ուղերձում նախագահ Օբաման ասաց, որ Քադաֆին կորցրել է իր ժողովրդի վստահությունը և իր պետությունը ղեկավարելու օրինական իրավունքը։
Սակայն նա բացառեց այս գործողություններում Քադաֆիին որպես թիրախ ընտրելու նպատակը` նախազգուշացնելով, որ վերջինիս ռազմական եղանակով իշխանությունից հեռացնելու փորձերը այնքան ծանր կնստեն, որքան Իրաքյան պատերազմը:
Նա կրկին խոստացավ, որ ԱՄՆ-ի դերը լինելու է սահմանափակ, և որ իր երկիրը ցամաքային զորքեր չի ուղարկվելու Լիբիա։
Օբաման այս ուղերձով անդրադառնում է ԱՄՆ-ի այն կոնգրեսականների և այն գործիչների մտահոգություններին, ովքեր քննադատել են իրեն` Լիբիայի ապստամբներին օժանդակող օդային հարվածներում ամերիկյան ուժեր ներգրավվելուց առաջ Միացյալ Նահանգների նպատակները մանրամասն չներկայացնելու պատճառով։
ԱՄՆ-ի նախագահն այս ուղերձով հանդես եկավ Լոնդոնում 35 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք համաժողովի նախօրեին, որի ընթացքում քննարկվելու են Լիբիայում ստեղծված իրավիճակը և այս պետությունում վարչակարգի փոփոխությանը նպաստելուն ուղղված հնարավոր միջոցները։