Լիբիայում վթարի է ենթարկվել ամերիկյան մի կործանիչ

Լիբիայում վթարի է ենթարկվել ամերիկյան մի կործանիչ

ԱՄՆ-ի օդուժի կործանիչներից մեկը Լիբիայում վթարի է ենթարկվել միջազգային դաշնակից ուժերի կողմից այս երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ պատժամիջոցներ իրականացնելու ընթացքում։

ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության խոսնակի համաձայն, վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, այլ ոչ թե Լիբիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից բացված կրակից։

Վթարված «F-15» կործանիչի օդաչուները հայտնաբերվել են, և նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

ԱՄՆ-ի գեներալ Քարթեր Հեմը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի դաշնակից ուժերն ընդլայնելու են Լիբիայում սահմանված թռիչքազերծ գոտին։ Նա սակայն հայտնել է, որ ռմբակոծությունների թիվը կնվազի, եթե անսպասելի զարգացումներ տեղի չունենան։

Կառավարական ուժերի հրետանային կրակի պատճառով ապստամբների ուժերը երկուշաբթի օրը հետ են մղվել Աջդաբիյա քաղաքից։

Լիբիայի արևմտյան Միսթարա քաղաքի բնակիչները հայտնել են, որ կառավարական ուժերը շարունակում են պաշարել այս քաղաքը։

Քադաֆիին հավատարիմ ուժերը ռմբակոծել են նաև Թունիսի սահմանի մոտակայքում գտնվող, ապստամբների կողմից վերահսկվող Զինթան քաղաքը։