Լիբիայի ապստամբները հայտնել են օդային նոր հարձակումների մասին

Լիբիայի ապստամբները հայտնել են օդային նոր հարձակումների մասին

Լիբիայի ապստամբների համաձայն, կառավարական ուժերը երկուշաբթի օրը օդային նոր հարձակումներ են իրականացրել ապստամբների կողմից վերահսկվող Աջդաբիյա քաղաքի վրա։ Կառավարական ուժերը նաեւ հրետանային կրակ են բացել այս քաղաքի ուղղությամբ։

Հակակառավարական ուժերը շարժվել են Աջդաբիայի ուղղությամբ՝ կիրակի օրը թողնելով Բրեգա քաղաքը՝ Քադաֆիի ուժերի առաջխաղացման և հրետանային հուժկու կրակի պատճառով։

Լիբիայի պետական հեռուստատեսությունը երկուշաբթի օրը հաղորդել է կառավարության կողմից համաներման առաջարկի մասին, որը տարածվում է ապստամբների կողմն անցած, ապա կառավարական ուժերին հանձնված բոլոր զինծառայողների վրա։

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում հակահարձակում են իրականացրել՝ արագ հետ գրավելով ապստամբների վերահսկողության տակ գտնվող Ռաս Լանուֆ և Բին Ջավադ քաղաքները։ Ընդդիմության թեթև զինված և վատ կազմակերպված ուժերը անկարող են եղել կանգնացնել ռազմական ինքնաթիռներ, հրասայլեր և ծանր զենք օգտագործող Քադաֆիին հավատարիմ ուժերի առաջխաղացումը։

Քադաֆիի կառավարությունը կիրակի օրն օտարերկրկյա նավթային ընկերություններին կոչ է արել վերսկսել նավթամթերքի արտահանումը Լիբիայի նավթային պահեստներից։ Լիբիայի պետական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, նավթային պահեստներում անվտանգությունն ապահովված է։