Լիբիայի արևելյան Բենգազի քաղաքում ուրբաթ օրը հազարավոր բնակիչներ դուրս են եկել ցույցի` կրկին պահանջելով Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը:
Որոշ ցուցարարներ կրել են ընդդիմության առաջնորդներին ճանաչելու համար Ֆրանսիային շնորհակալություն հայտնող պաստառներ:
Լիբիայի օդուժի կործանիչներն ուրբաթ օրը վերսկսել են հարձակումները Ռաս Լանուֆ քաղաքի նավահանգստում գտնվող նավթային պահեստների ուղղությամբ: Ապստամբները հինգշաբթի օրը ստիպված էին նահանջել այս քաղաքից` Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից իրականացված օդային, ցամաքային և ծովային հարձակումից հետո:
Ապստամբների առաջնորդները նույն օրը հայտնել են նաև արևմտյան Զավիա քաղաքի վերահսկողությունը կորցնելու մասին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայն, Լիբիայում ապստամբությունը վերածվել է քաղաքացիական պատերազմի, որի պատճառով արդեն զոհվել է ավելի քան 1 000 մարդ, և որի արդյունքում Լիբիայի մոտ 250 հազար բնակիչ լքել է երկիրը: