Լիբիայի ղեկավարի կառավարության դեմ պայքար մղող ապստամբների խոսնակը հայտնել է, որ երեքշաբթի օրը Մուամար Քադաֆիի ներկայացուցիչներն առաջարկել են բանակցություններ անցկացնել, ինչը մերժվել է ապստամբների կողմից։
Նրան հավատարիմ մնացող ուժերը երեքշաբթի օրը շարունակել են ապստամբների դեմ օդային հարվածներով ուղեկցվող հակահարձակումը։
Քադաֆիի ուժերը փորձում են կասեցնել ապստամբների առաջխաղացումը դեպի Լիբիայի մայրաքաղաք։ Նա դեռևս վերահսկում է իր հիմնական հենակետ Տրիպոլին և այս քաղաքից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իր ծննդավայր Սիրթ քաղաքը։
Քադաֆին խոստացել է մինչև իր մահը պայքարել ընդդիմադիր ուժերի հետ, որոնք անցյալ ամիս սկսել են իր իշխանության դեմ ուղղված ապստամբությունը։
«Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքին տված հարցազրույցում, Քադաֆիի որդի Սաադին ասել է, որ իր հոր հրաժարականի դեպքում Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու՝ վերածելով այս երկիրը «նոր Սոմալիի»։