Մատչելի հղումներ

Լիբիայի օդուժը հարձակում է կատարել գլխավոր նավահանգիստներից մեկի վրա


Լիբիայի օդուժը հարձակում է կատարել գլխավոր նավահանգիստներից մեկի վրա
Լիբիայի օդուժը հարձակում է կատարել գլխավոր նավահանգիստներից մեկի վրա

Լիբիայի ռազմական ինքնաթիռները հինգշաբթի օրը նոր հարձակում են սկսել երկրի արևելքում գտնվող գլխավոր նավահանգիստներից մեկի՝ Բրեգայի նավահանգստի ուղղությամբ։ Այս հարձակումից մեկ օր առաջ ապստամբներն այս քաղաքից հետ էին մղել Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին։

Ականատեսների վկայությամբ, Քադաֆիի ուժերի մոտ 50 մարտական մեքենա գրոհել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 800 կիլոմետր դեպի արևելք հեռավորության վրա գտնվող Բրեգա քաղաքը։ Նրանց հաջողվել էր արագ գրավել քաղաքի նավթարդյունաբերական ձեռնարկությունները, օդանավակայանը և նավահանգիստը։

Ընդդիմության ուժերը հակահարված են հասցրել կեսօրին մոտ՝ քաղաքից հետ մղելով Քադաֆիի կողմնակիցներին։ Այս ընթացքում ռազմական ինքնաթիռները հարձակում ըն իրականացրել Բրեգա և Աջդաբիյա քաղաքներում գտնվող հակակառավարական ուժերի վրա։ Ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 12 մարդ։

Բրեգա քաղաքի համար վարվող մարտից առաջ ինքնահռչակ «ժամանակավոր կառավարության խորհուրդը» կոչ էր արել մյուս պետություններին օդային հարված հասցնել աֆրիկյան պետություններից ժամանող վարձու զինվորների ուղղությամբ, որոնց Քադաֆին օգտագործում է ապստամբության դեմ պայքար վարելու համար։

Չորեքշաբթի օրը Բենգազի քաղաքում ձևավորված այս խորհրդի ղեկավար է նշանակվել Քադաֆիի կառավարության արդարադատության նախկին նախարար Մուսթաֆա Աբդել-Ջալիլը։ Խորհրդի խոսնակի համաձայն, օտարերկրյա պետությունների կառավարությունները պետք է աշխատեն Լիբիայի միայն այն դեսպանությունների հետ, որոնք անցել են ընդդիմության կողմը։

Քադաֆին, ելույթ ունենալով Լիբիայի հեռուստատեսությամբ, ասել է, թե իրեն աջակցող ուժերը պայքարելու են մինչև «լիբիական արյան վերջին կաթիլը»՝ հավելելով, որ համաներում է հայտարարելու զենքը վայր դրած ապստամբների նկատմամբ։

XS
SM
MD
LG