Աֆղանստանի հարավային Ղանդահար քաղաքի քաղաքապետը զոհվել է ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով:
Երկրի պաշտոնատար անձանց համաձայն, քաղաքապետ Ղուլամ Հայդեռ Համիդիի մահը վրա է հասել, երբ ինքնասպա ահաբեկիչը պայթեցրել է իր չալմայում պահված ռումբը:
Ղանդահարի քաղաքագլխի սպանությունն իրականացվել է նույն քաղաքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր սպանությունից ընդամենը երկու շաբաթ անց:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կրտսեր եղբայրը, որը բավականին մեծ կշիռ ուներ երկրի հարավում, սպանվել էր հուլիսի 12-ին իր տանը` վստահված թիկնապահներից մեկի կողմից բացված կրակից:
Ահմադ Վալի Քարզայի սպանությունն իրականացվել էր Ղանդահար քաղաքում` իր անվտանգությունն ապահովող ստորաբաժանման ավագ ծառայողի կողմից, որից հետո սպանությունն իրականացրած անձը սպանվել է Վալի Քարզայի թիկնապահների կողմից բացված կրակից:
Սպանության համար պատասխանատվություն էին ստանձնել թալիբները:
Ահմադ Վալի Քարզայի գործունեությունը, որը գլխավորել է Ղանդահար հարավային նահանգի կառավարման խորհուրդը, վիճահարույց է եղել: Նախագահ Քարզայի եղբայրն այս շրջանում համարվում էր քաղաքական ամենաազդեցիկ գործիչը և թալիբների դեմ պայքար մղող միջազգային ուժերի հիմնական դաշնակիցը: Դրա հետ մեկտեղ Վալի Քարզայը մեղադրվել է կաշառակերության և թմրանյութերի անօրինական վաճառք իրականացնելու մեջ, սակայն բազմիցս մերժել է այդ մեղադրանքները: