Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիսարևելյան ափի մոտակայքում, և կրկին ցունամիի նախազգուշացում է հայտարարվել այն տարածքներում, որտեղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տարերային աղետը դարձել էր ավերածությունների ու բազմաթիվ զոհերի պատճառ։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության համաձայն, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1: Նման ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաեւ հինգշաբթի օրը:
Մինչև մեկ մետր բարձրությամբ ցունամիի ալիք առաջանալու վտանգի պատճառով ժամանակավորապես էվակուացվել են «Ֆուկուշիմա» վնասված ատոմակայանում աշխատանքներ իրականացնող մարդիկ։ Ատոմակայանում կատարվող աշխատանքների ղեկավարների համաձայն, դեպի ռեակտորներ ջուր մղելու աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն, նրանց համաձայն, իրավիճակը վտանգ չի ներկայացնում։
Ճապոնիայի իշխանությունները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի նախատեսվում է ընդլայնել «ֆուկուշիմա» ատոմակայանի շուրջ ստեղծված էվակուացման 20-կիլոմետրանոց գոտին։ Կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոյի համաձայն, որոշ բնակիչների անհրաժեշտ կլինի լքել բնակավայրերն անմիջապես, երբ ճառագայթման մակարդակն այնտեղ գերազանցի թույլատրված մակարդակը։
Ամբողջ Ճապոնիայում երկուշաբթի օրը մարդիկ լռությամբ և աղոթքներով ժամը 14։26-ին, երբ տեղի է ունեցել տարերային աղետը, հարգել են մեկ ամիս առաջ տեղի ունեցած աղետի զոհերի հիշատակը։