Իրանը ազատ է արձակել ամերիկացի զբոսաշրջիներից մեկին

Իրանի իշխանություններն ազատ են արձակել երկրում մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող ամերիկացի երեք զբոսաշրջիկներից մեկին:

Զբոսաշրջիկների փաստաբան Մասուդ Շաֆիի համաձայն, 32-ամյա Սառա Շաուրդն Իրանի Էվին բանտից ազատվել է երեքշաբթի օրը:

Իրանի պետական լրատվամիջոցների համաձայն, նրա ազատման համար վճարվել է 500 հազար դոլարի գրավ:

Ազատ արձակումից հետո նա տեղափոխվել է Օման, որտեղ տեղի է ունեցել նրա ու նրա հարազատների միջեւ առաջին հանդիպումը։

Իրանի իշխանությունները հայտնել են, որ մյուս երկու զբոսաշրջիկները` Բաուերն և Ֆեթլին կալանքի տակ կմնան ևս երկու ամիս:

Իրանի իշխանությունները Սառա Շաուրդին և ամերիկացի մյուս երկու զբոսաշրջիկներին ձերբակալել էին 2009 թվականի հուլիսին, հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Իրանը զբոսաշրջիկներին մեղադրում է լրտեսության մեջ, սակայն զբոսաշրջիկների ընտանիքները պնդում են, որ նրանք սահմանն անցել են պատահմամբ: