Մատչելի հղումներ

Իրանը պատրաստ է ազատել ամերիկացի զբոսաշրջիկին 500 հազար դոլար գրավի դիմաց


Իրանի տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով արդեն մեկ տարի բանտարկության մեջ գտնվող ամերիկացի զբոսաշրջիկին այդ երկիրը պատրաստ է ազատ արձակել գրավի դիմաց: Զբոսաշրջիկը, այնուամենայնիվ, կանգնելու է դատարանի առջև:

Իրանի դատախազներից մեկը պետական լրատվամիջոցներին կիրակի օրը հայտնել է այն մասին, որ Սառա Շաուրդին հնարավոր է ազատ արձակել` 500 հազար դոլար գրավի դիմաց: Շաուրդի ընտանիքի համաձայն, նրան անհրաժեշտ է ստանալ բժշկական օգնություն` կաթնագեղձի ուռուցքը բուժելու համար:

Կիրակի օրը Սպիտակ տան խորհրդական Դեյվիդ Աքսելռոդը հայտնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը «մեծ հույսեր ունի և լավատեսական է տրամադրված» Շաուրդին ազատելու վերաբերյալ բանակցությունների ընթացքով: Նրա խոսքերով, այս գործընթացում «առաջխաղացումն անընդհատ փոխարինվում է դադարներով»:

Սառա Շաուրդը և ամերիկացի երկու այլ զբոսաշրջիկ` Շեյն Բաուերը և Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսի 31-ին հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցելուց հետո: Զբոսաշրջիկները պնդում են, որ սահմանն անցել են պատահմամբ:

XS
SM
MD
LG