Իրանում մեկ տարուց ավելի պահվող երեք ամերիկացիներից մեկին ազատելու մասին որոշումն ընդունվել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությամբ:
Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը` ասելով, որ նախագահ Ահմադինեջադն այլ պաշտոնյաների հետ միասին «մանրակրկիտ ուսումնասիրել է» Սառա Շաուրդի գործը: Նա ավելացրել է, որ Շաուրդի ազատումը համընկնում է Ռամադան սուրբ ամսվա վերջը նշանավորող «Այդ էլ ֆըթըր» տոնի հետ և պայմանավորված է Իրանում «կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունքով»:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի խորհրդականը հայտարարել էր Սառա Շաուրդին «շատ շուտով» ազատելու մասին: Արևմտյան լրատվամիջոցները մեջբերել են Իրանի պաշտոնյային, որն ասել է, թե շաբաթ օրը Թեհրանի «Էսթաղլալ» հյուրանոցում կայանալիք արարողությանը մասնակցելու համար արդեն լրագրողներ են հրավիրվել:
Սառա Շաուրդը և ամերիկացի երկու այլ լեռնագնաց ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսի 31-ին: Իրանում զբոսաշրջիկներին մեղադրել էին լրտեսության մեջ, սակայն նրանց ընտանիքները պնդում են հարազատների անմեղությունը: