Իրաքում Իրանի դեսպանի համաձայն, Իրանում բանտարկության մեջ գտնվող ամերիկացի զբոսաշրջիկները շատ շուտով կարող են ազատ արձակվել:
Իրանի դեսպան Հասան Դանաիե Ֆիրի համաձայն, «ընդհանուր մթնոլորտը» վկայում է այն մասին, որ Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը շուտով դուրս են գալու բանտից:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը հինգշաբթի օրը տված հարցազրույցում Իրանի դեսպանը նշել է, որ ամերիկացիներին ազատություն շնորհելու մասին որոշում կայացնելու գործոններից է մահմեդական «Ռամադան» սուրբ ամիսը:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես էր եկել զբոսաշրջիկների փաստաբան Մասուդ Շաֆիեին` հետևելով Իրանում կիրակի օրը զբոսաշրջիկների գործով ավարտական դատավարությանը, որն անցկացվել էր Շեյն Բաուերի, Ջոշ Ֆեթլի և Սառա Շուրդի ձերբակալության օրից ուղիղ երկու տարի անց:
Փաստաբան Շաֆիեն հայտնել է նաև, թե այն հանգամանքը, որ դատավարությունը համընկել է ձերբակալության երկրորդ տարեդարձի հետ, կարող է վկայել այն մասին, որ Թեհրանը մտադրություն ունի ազատ արձակել նրանց:
Բացի դրանից, Շաֆիեին ասել է, որ իր պաշտպանյալները կարող են շուտով ազատ արձակվել, քանի որ դատավարությունը համընկնում է մահմեդական «Ռամադան» սուրբ ամսվա սկզբի հետ, երբ, մահմեդական ավանդույթի համաձայն, թույլատրվում է ազատ արձակել բանտարկյալներին: