Իրանի դատախազներից Աբբաս Ջաֆարի Դովլաթաբադին կոչ է արել շուտափույթ անցկացնել լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի երեք զբոսաշրջիկների դատը:
«ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության համաձայն, Դովլաթաբադին ասել է, որ ամերիկացի զբոսաշրջիկների դեմ դատական գործի նյութերը և մեղադրական եզրակացությունը չորեքշաբթի օրն ուղարկվել են այդ գործը հետաքննող դատարան:
Իրանի դատախազն իր մեկնաբանություններն արել է ամերիկացի զբոսաշրջիկներից մեկի` Սառա Շուրդիի ազատ արձակումից մեկ օր անց: Վերջինս մեկ տարի անցկացնելով Իրանի բանտում, ազատվել է 500 հազար դոլարի գրավի դիմաց և հեռացել Իրանից:
Իրանի իշխանությունները Սառա Շուրդին և ամերիկացի մյուս երկու զբոսաշրջիկներին ձերբակալել էին 2009 թվականի հուլիսին, հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Իրանը զբոսաշրջիկներին մեղադրում է լրտեսության մեջ, սակայն զբոսաշրջիկների ընտանիքները պնդում են, որ նրանք սահմանն անցել են պատահմամբ: