Միացյալ Նահանգները հետամուտ է Իրանում գտնվող երկու զբոսաշրջիկներին անվտանգ ազատելու խնդրում:
Ելույթ ունենալով ուրբաթ օրը Վաշինգտոնում` ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են համագործակցել այն երկրների հետ, որոնք օժանդակություն են ցուցաբերում ամերիկացի զբոսաշրջիկներ Շեյն Բաուերին և Ջոշ Ֆաթալին ազատելու գործում:
Նախարար Քլինթընը շնորհակալություն հայտնեց Օմանի և Շվեյցարիայի պաշտոնյաներին` այս շաբաթվա սկզբին 32-ամյա Սառա Շուրդին ազատելու գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Շուրդը ազատվել է 500 հազար դոլար գրավի դիմաց և այժմ գտնվում է Օմանում, ուր ժամանել է Թեհրանի Էվին բանտից ազատ արձակվելուց հետո:
Ուրբաթ օրը հարցազրույցի ընթացքում Օմանի արտաքին գործերի նախարարը չի բացահայտել Շուրդին ազատ արձակելու համար գումար տրամադրածի տվյալները: