Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Լիբիայի ժամանակավոր կառավարությունը

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Լիբիայի ժամանակավոր կառավարությունը

Ֆրանսիան դառնալու է առաջին երկիրը, որը, որպես Լիբիայի ժողովրդի «օրինական» ներկայացուցիչ, պաշտոնապես կճանաչի այս երկրի ընդդիմադիր «Ժամանակավոր կառավարման խորհուրդ»-ը։

Ֆրանսիայի իշխանությունները հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի նախատեսվում է դեսպան ուղարկել Բենգազի քաղաքից գործող Խորհուրդ։

Ֆրանսիայի իշխանություններն այս հայտարարությամբ հանդես եկան այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեկնարկեցին Լիբիայում իրավիճակը քննարկելուն նվիրված բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու է Քադաֆիի կողմնակիցների օդային հարձակումները դադարեցնելու նպատակով թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու հնարավորությունը։

Բրյուսելի այս բանակցություններին մասնակցում է նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Գեյթսը հայտնելու է ՆԱՏՕ–ի անդամ պետությունների նախարարներին ԱՄՆ-ի կողմից Լիբիայում արտակարգ իրավիճակներին արձագանքելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործողությունները նախապատրաստելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։