ԵԱՀԿ-ը, որը տարածաշրջանային անվտանգության ոլորտում գործող խոշորագույն կազմակերպությունն է, ջանքեր է գործադրում Բելառուսի իշխանությունների կողմից կազմակերպության մանդատը դադարեցնելու մասին վիճահարույց որոշումն ընդունելուց հետո երկրում իր գործունեությունը վերսկսելու ուղղությամբ:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Ազուբալիսը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ խորը վշտով է ընդունել երկրում կազմակերպության մանդատը չերկարաձգելու մասին Բելառուսի կառավարության որոշումը:
Նա սակայն հավելել է, որ ԵԱՀԿ-ը «ոչ պաշտոնական խորհրդակցություններ» է սկսել Բելառուսի և ԵԱՀԿ-ի մասնակից այլ պետությունների հետ` այս երկրում կազմակերպության գործունեությունը շարունակելու վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով:
Բելառուսի իշխանություններն ընդունել են Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը` պատճառաբանելով այն նրանով, որ գրասենյակի մանդատը լրացել է։
Այս քայլը կատարվել է ի պատասխան կազմակերպության կողմից երկրում դեկտեմբերի 19-ին անցկացված քվեարկությանը տված գնահատականի, որի համաձայն Բելառուսում անցկացված ընտրությունները «բավականին հեռու» են եղել ժողովրդավարական կոչվելուց:
ԵԱՀԿ-ի դիտորդների համաձայն, քվեների դիտանցված հաշվարկների գրեթե կեսը գնահատվել են որպես «վատ» կամ «շատ վատ»: