Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարը կոչ է անում վերսկսել ԵԱՀԿ-ի գրասենյակի աշխատանքները Բելառուսում, որտեղ, ըստ նրա, «մարդու իրավունքների շարունակական խախտումները» լուրջ խնդիր են ներկայացնում:
ԵԱՀԿ-ի նորանշանակ նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ելույթ է ունեցել ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովի` եվրոպական երկրներում մարդու իրավունքների իրականացումը վերահսկող ամերիկյան կառավարական մարմնի առջև:
«Մարդու իրավունքների պաշտպաններին հետապնդելով և միավորումներ կազմելու ազատությունը սահմանափակելով` Բելառուսը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած իր պարտավորություններին: ԵԱՀԿ-ի գրասենյակի աշխատանքների վերսկսումը, անկասկած, որոշ առումով կարևոր քայլ կլինի՝ խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև դրական ազդանշան` միջազգային հանրության համար», - ասել է Գիլմորը:
Գիլմորը նշել է, որ Բելառուսի իշխանությունները չեն հետևել մարդու իրավունքների իրավիճակի բարելավման հետ կապված ԵԱՀԿ-ի առաջարկներին, սակայն շեշտել է նաև կառավարության հետ երկխոսությունը շարունակելու կարևորությունը:
Բելառուսից բացի Գիլմորն առանձնացրեց ԵԱՀԿ-ի համար մի շարք այլ գերակա խնդիրներ, այդ թվում` մարդկանց առևտրի, համացանցի ազատության և ծնողների կողմից երեխաների միջազգային առևանգման հետ կապված խնդիրները: