Բելառուսի իշխանությունների կողմից Լեհաստանի և Եվրամիության դեսպանների դուրսբերման կարգադրություն արձակելուց հետո Եվրոպական Միության անդամ այլ պետություններն այս երկրից դուրս են բերում իրենց դեսպաններին:
Դեսպանների դուրսբերման մասին կարգադրությամբ Բելառուսի իշխանություններն արձագանքել են այս երկրի պաշտոնատար անձանց նկատմամբ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին: Պատժամիջոցները սահմանվել են ՝ ի պատասխան Բելառուսում մարդու իրավունքների տեղ գտած բազմաթիվ խախտումների:
Բելառուսի արտգործնախարարության խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ երկիրը տեղի չի տալու ճնշման և շարունակելու է պաշտպանել իր շահերը:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վերստերվելեն Բելառուսը «Եվրոպայի վերջին բռնապետություն» է անվանել: Վերստերվելեն ասել է նաև, որ նախագահ Ալեքսադր Լուկաշենկոյին «թվում է, թե ինքը կարող է պառակտել Եվրամիությունը»:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոներն ասել է, որ Միացյալ Նահանգները «ցավով են տեղեկացել Լեհաստանի և Եվրամիության դեսպաններին Բելառուսից դուրս բերելու մասին ընդունված որոշման մասին»: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ նման քայլերի արդյունքում Բելառուսի ինքնամեկուսացումը գնալով է՛լ ավելի է սաստկանալու:
Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները, 2010 թվականի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ընդդիմության նկատմամբ իրականացված բռնություններից, ներառյալ հարյուրավոր մարդկանց բանտարկելուց հետո այս երկրի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանել:
Իրավապաշտպանների համաձայն, Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիր գործիչներից շատերը դեռևս գտնվում են ազատազրկման մեջ: