Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել է Բելառուսի իշխանություններն՝ այս երկրում անվտանգության ուժերի կողմից բանտարկյալների դեմ խոշտանգումների և չարաշահումների իրականացման համար:
Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի հանձնաժողովն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ անհանգստություն արտահայտելով Բելառուսում իրականացվող խոշտանգումների և չարաշահումների մասին ստացվող բազմաթիվ բողոքներով, ինչպես նաև այս պետության իշխանությունների կողմից բողոքների շուրջ հետաքննություն չիրականացնելու հանգամանքով:
Հանձնաժողովն անհանգստություն է հայտնել նաև երկրում մահապատժի իրականացման մասին տեղեկությունների գաղտնիացման մասին, ինչի պատճառով մահապատժի ենթարկված անձանց բարեկամները տեղեկացվում են մահապատիժն ի կատար ածելու մասին մի քանի շաբաթ անց:
Միավորված ազգերի կազմակերպության անկախ փորձագետները հինգշաբթի օրը զգուշացրել են, որ Բելառուսի կառավարության կողմից ընդունված օրենսդրական նոր փոփոխությունները վտանգի տակ են դնում երկրում քաղաքական և քաղաքացիական հիմնարար իրավունքները:
Բելառուսում ընդունված նոր օրենքների համաձայն, առանց իշխանությունների թույլտվության հավաքների անցկացումն այժմ քրեական հանցագործություն է համարվելու: Արգելվել է նաև նման հավաքների մասին տեղեկությունների, ներառյալ սոցիալական ցանցերի միջոցով, տարածումը: