Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը սպառնացել է երկրից վտարել օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ` մեղադրելով դրանք երկրի արժութային և ֆինանսական ճգնաժամի ընթացքում խուճապահար հաղորդագրություններ տարածելու մեջ:
Լուկաշենկոն հատկապես խիստ քննադատրության է ենթարկել Ռուսաստանի լրատվամիջոցները` ասելով, որ ստեղծված տնտեսական իրավիճակի շուրջ դրանք հիստերիա են ստեղծել:
Այս շաբաթվա սկզբին խուճապի մատնված գնորդները Բելառուսում կատարում էին մեծ քանակությամբ սպառողական ապրանքների և սննդամթերքի գնումներ, քանի որ երկրի արժույթի` բելառուսի ռուբլու արժեզրկումը շարունակվել է նույնիսկ 36 տոկոսով դևալվացիայից հետո:
«Standard and Poor's» ընկերության ֆինանսական վարկանիշային ծառայությունը նվազեցրել է Բելառուսի արտարժութային պարտքի մակարդակը` հասցնելով այն «բացասական» ցուցանիշի, ինչը նշանակում է, որ Բելառուսը հնարավորություն չի ունենալու արտաքին միջոցներ ներգրավել` զգալի ծավալ կազմող բյուջեի պակասորդը ֆինանսավորելու համար: