Բելառուսի գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել այս տարվա ապրիլին Մինսկի մետրոպոլիտենում 15 զոհի և ավելի քան 200 վիրավորի պատճառը դարձած ռմբակոծությունն իրականացրած անձանց:
Գերագույն դատարանի դատավորը չորեքշաբթի օրը դատավճիռը հայտարարելու ժամանակ ասել է, որ Դմիտրի Կոնովալովը և Վլադիսլավ Կովալյովը մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար և նրանց դեմ անհրաժեշտ է կիրառել պատժի առավելագույն չափը` մահապատիժը:
Դմիտրի Կոնովալովը և Վլադիսլավ Կովալյովը ձերբակալվել էին ապրիլի 11-ի երեկոյան` մետրոյի մարդաշատ կառամատույցում իրականացված պայթյունից հետո:
Բելառուսի իշխանությունները հաստատել են նաև դատապարտյալների կապը 2005 և 2008 թվականներին իրականացված ռմբակոծությունների հետ, որոնց հետևանքով սակայն զոհեր չեն եղել:
Երկրում գործող իրավապաշտպանները հորդորել են իշխանություններին չկիրառել մահապատիժը դատապարտյալների նկատմամբ:
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ որպես պատժի միջոց դեռևս կիրառվում է մահապատիժը: