Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտնել են, որ վերանայելու են իրենց հարաբերությունները Բելառուսի հետ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման դեմ անցյալ շաբաթվա վերջին բողոքի ցույցեր կազմակերպած ընդդիմության նկատմամբ ուժ գործադրելու կապակցությամբ։
ԱՄՆ–ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը և ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ են արել բանտարկությունից ազատել նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի յոթ մրցակիցներին, ինչպես նաև ընդդիմության 600 ձերբակալված ներկայացուցիչներին։
Արևմտյան դիտորդները «խարդախ» են անվանել չորրորդ անգամ Լուկաշենկոյի վերընտրվելու հանգամանքը։
Համատեղ հայտարարությունում Քլիթընն ու Էշթոնը քննադատել են ցուցարարների դեմ «ուժի անհամաչափ գործադրումը»։
Նրանց խոսքերով, ընտրություններն ու հետընտրական իրադարձությունները «հետ են մղել» Բելառուսում ժողովրդավարության զարգացումը։
Երկու դիվանագետները նշել են, որ Բելառուսի հետ ԱՄՆ-ի և ԵՄ–ի հարաբերությունները զարգանալու են՝ «հիմքում ունենալով այս իրադարձությունները»։