Արաբական երկրները քննարկել են Լիբիայում թռիչքազերծ գոտի հաստատելու հարցը

Արաբական երկրները քննարկել են Լիբիայում թռիչքազերծ գոտի հաստատելու հարցը

Արաբական պետությունների լիգայի նախարարները մասնակցել են Եգիպտոսի մայրաքաղաքում հանդիպմանը՝ քննարկելով թռիչքների համար Լիբիայում արգելված գոտի սահմանելու հնարավորությունը։

Օմանի արտգործնախարարի համաձայն, եթե Լիգան պատասխանատվություն չստանձնի Լիբիայում իրավիճակը կարգավորելու հարցում, ապա հնարավոր է, որ «տեղի կունենա անցանկալի միջամտություն՝ օտարերկրյա պետությունների կողմից»։

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատարի համաձայն, ինքը նախատեսում է այցելել Եգիպտոս՝ Արաբական պետությունների լիգայի հետ Լիբիայում ստեղծված իրավիճակը և Տրիպոլիի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը քննարկելու նպատակով։

Եվրամիության պետությունների ղեկավարներն ուրբաթ օրը հանդիպում էին անցկացրել Բրյուսելում, որի ընթացքում որոշում էր ընդունվել Լիբիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը որպես օրինական քաղաքական միավոր ճանաչելու մասին։