Քաբուլում սպանվել է Քարզայի օգնականը, խորհրդարանի պատգամավորներից մեկը

Քաբուլում սպանվել է Քարզայի օգնականը, խորհրդարանի պատգամավորներից մեկը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինյալների կողմից իրականացված հարձակման ընթացքում սպանվել են երկրի նախագահ Համիդ Քարզայի ավագ խորհրդատուն ու խորհրդարանի պատգամավորներից մեկը։

Պաշտոնատար անձանց համաձայն, Քարզայի հիմնական խորհրդական, Ուրոզգան նահանգի նախկին նահանգապետ Ջան Մոհամադ Խանը և նույն նահանգի կողմից խորհրդարան ընտրված օրենսդիր Մոհամադ Աշիմ Վաթանվալը կիրակի ուշ երեկոյան սպանվել են Խանի տանը՝ մահապարտի գոտի կրող երկու ահաբեկչի կողմից իրականացված հարձակման պատճառով։

Թալիբների խոսնակ Զաբիուլա Մուջահիդի համաձայն, թալիբները պատասխանատվություն են ստանձնել այս հարձակման համար և մեղադրել Խանին Միացյալ Նահանգների ուժերին աջակցություն տրամադրելու համար։

Այս հարձակումը տեղի է ունեցել Կանդահար քաղաքում նախագահ Քարզայի եղբայր Ահմադ Վալի Քարզայի սպանությունից մի քանի օր անց։

Աֆղանստանում կիրակի օրը երկրի զինծառայողները, օտարերկրյա ուժերի հետ համագործակցությամբ, արևելյան Նանգարհար նահանգի Խևա շրջանի դպրոցներից մեկում ոչնչացրել են թալիբների առնվազն տասը մարտիկ։ Երկրի պաշտոնատար անձանց համաձայն, ցամաքային և օդային ուժերի միջոցով զինյալների ոչնչացմանն ուղղված հարձակման ժամանակ դպրոցում ոչ մի երեխա չկար։

Նույն օրը ՆԱՏՕ-ի երկու զինծառայող զոհվել են երկրի հարավում տեղի ունեցած պայթյունի պատճառով, իսկ Բաղլան նահանգում հարսանյաց խնջույքի ժամանակ անհայտ զինյալի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել՝ յոթ մարդ։