Ի տարբերություն նախորդ եռակողմ հանդիպումների, այս անգամ հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես չի եկել հրապարակային բացման խոսքով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հանդիպման արդյունքում «կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։»
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ «կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։»
Your browser doesn’t support HTML5
Հանդիպման վերաբերյալ նույնանման հաղորդագրություն է տարածել նաև ադրբեջանական կողմը: Հանդիպման շուրջ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը տարածեց ամերիկյան կողմի հաղորդագրությունը հանդիպման վերաբերյալ, ուր, մասնավորապես, ասված է.
«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքենն իր գոհունակություն է հայտնել երկու արտգործնախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և հորդորել շարունակել առաջընթացի գրանցումը երկու երկրների կողմից՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում»,- ասված է Մեթյու Միլերի տարածած հաղորդագրության տեքստում:
Հիշեցնենք, որ ամերիկյան նախաձեռնությամբ և ամերիկյան հարթակում վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությմամբ տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում: Այդ ժամանակ «կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»: