ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը, թե ինչպես է Վաշինգտոնը դիտարկում մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումները, ինչի հետևանքով շրջանի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան:
«Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմեցին Հայաստան: Այն տրավման և դժվարությունները, որոնց առերեսվում են հակամարտության ընթացքում իրենց տներն ու ապրուստը կորցրածները, առայսօր իրեն զգացնել է տալիս: Այս տարելիցը մեզ հիշեցնում է, որ դարավոր հակամարտությունների ընթացքում տարածաշրջանում միլիոնավոր անմեղ խաղաղ բնակիչներ զոհվել և տեղահանվել են: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ կարիքավորներին օգնություն ցուցաբերելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, որպեսզի վերջապես կայունություն և անվտանգություն հաստատվի տարածաշրջանում, որը չափազանց երկար ժամանակ հակամարտության մեջ է»,- ասված է պետքարտուղարության պատասխանում: