Կառավարությունում մեզ նոր էներգիա է պետք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Հինգշաբթի Գերագույն ռադան կքննարկի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի հայտարարել է, որ երկիրը «նոր էներգիայի» կարիք ունի և ռուսական ագրեսիայի դեմ պայքարի այս վճռորոշ փուլում հրամայել է կառավարության լուրջ վերադասավորումներ իրականացնել։

Ընդհանուր առմամբ հրաժարականի դիմում են ներկայացրել վեց նախարարներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Գերագույն Ռադան ընդունել է նրանցից չորսի հրաժարականը։

Խոսքը, ըստ օրենսդիրների, եվրաինտեգրման հարցերով պատասխանատու փոխվարչապետի, զենքի արտադրությունը վերահսկող ռազմավարական արդյունաբերության նախարարի և ևս երկու նախարարների մասին է։

«Այսօր մենք նոր էներգիայի կարիք ունենք, և այս քայլերը կապված են միայն տարբեր ուղղություններով մեր պետության ամրապնդման հետ»,- նշել է Զելենսկին Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սպասվում է, որ հինգշաբթի խորհրդարանը կքննարկի Կուլեբայի հրաժարականը, նշել են օրենսդիրները:

Զելենսկիից հետո 43-ամյա Կուլեբան Ուկրաինայի ամենահայտնի պաշտոնյան է արտասահմանում։

Ըստ վերլուծաբանների, այս իշխանափոխությունը վաղուց էր ծրագրված, սակայն հետաձգվել էր, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը ամռանը կենտրոնացած էր արևմտյան գործընկերների հետ ռազմական և ֆինանսական օգնություն ստանալու բանակցությունների վրա։

«Սա կառավարության պլանավորված կադրային վերակառուցում է», - նշել է կիևցի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն: –«Սա Զելենսկու ոճն է: Նա կարծում է, որ նոր նախարարի ընտրությունը կտանի է նոր էներգիայի, նոր մոտեցումների և ավելի ակտիվ աշխատանքի։ Դա հենց այն է, ինչ նա ակնկալում է»։

Ֆեսենկոն ենթադրում է, որ Կուլեբայի սպասվող հրաժարականից հետո երկրի արտաքին քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրի։

Սպասվում է, որ չորեքշաբթի Զելենսկին նոր թեկնածու կառաջադրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Հնարավոր թեկնածուների թվում է առաջին փոխարտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

Որոշ հեռացող նախարարներ նոր պաշտոնների կնշանակվեն, կարծում են վերլուծաբանները։

Ռազմավարական արդյունաբերության հեռացող նախարար Ալեքսանդր Կամիշինը երեքշաբթի հայտնել է, որ այլ պաշտոնով կմնա պաշտպանական ոլորտում:

Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակն նշել է, որ խորհրդարանը հինգշաբթի կշարունակի քննարկել հրաժարականների և նշանակումների հարցը: Այս պահին 21 նախարարական պաշտոններից 10-ը թափուր են մնացել։

«Վաղը նախարարների կաբինետը կվերակազմավորվի այնպես, ինչպես նախատեսված է», - գրել է նա Telegram-ում։