Գերմանիայում ծայրահեղ աջերի ու ձախակողմյան ուժերի նախընտրական քարոզարշավի կարևոր կետերից էր Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության և ուկրաինացի փախստականներին տրամադրվող օգնության չեղարկումը։
Ծայրահեղ աջ Այլընտրանք Գերմանիայի համար (AfD) կուսակցությունը ամենից շատ ձայներն է ստացել երկրի արևելյան՝ Թյուրինգիայի նահանգային ընտրություններում և երկրորդն է հարևան Սաքսոնիայում:
«Մարդկանց մեծամասնությունը՝ Թյուրինգիայում, չի ցանկանում, որ ամեն ինչ մնա նախկինի պես: Նրանք ցանկանում են քաղաքական փոփոխություններ, և քաղաքական փոփոխությունները չեն կարող լինել ընդդեմ Թյուրինգիայի ամենաուժեղ [քաղաքական] ուժի։ Ցանկանում եմ տեսնել, թե ինչպես են հին կուսակցությունները փորձելու ինչ-որ կերպ ձևավորվել կոալիցիա։ Հետաքրքիր կլինի»,- ասում է Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության Թյուրինգիայի մասնաճյուղի ղեկավաև Բյորն Հոքը:
Երկրորդ աշխարհամարտից հետո սա Գերմանիայի ծայրահեղ աջերի առաջին նման հաղթանակն է: Երրորդ տեղում է նորաստեղծ ծայրահեղ ձախ Սառա Վագենկնեխտի ալյանս (BSW) կուսակցությունը:
Չնայած նման արդյունքները շատերի համար անսպասելի չէին, սակայն Գերմանիայի գործընկերներից շատերը չեն թաքցնում իրենց մտահոգությունը։ Խոսքն առաջին հերթին Ուկրաինայի մասին է, քանի որ Վաշինգտոնից հետո Բեռլինն է երկրորդ հորիզոնականում՝ Կիևին ցուցաբերվող օգնության ծավալի առումով, և այժմ օգնությունը կարող է նոր խոչընդոտների բախվել, քանի որ այդ քաղաքական ուժերը դեմ են աջակցությանը։
«Ե՛վ ծայրահեղ աջերը, և՛ ծայրահեղ ձախ պոպուլիստական ուժերը քարոզչություն էին տանում հօգուտ Ուկրաինային տրամադրվող գերմանական օգնության կրճատման, և նրանք բացահայտ կերպով պահանջում էին կրճատել [Կիևին ցուցաբերվող] ռազմական օգնությունը: Նրանք կառավարությանը կոչ արեցին ճնշում բանեցնել ուկրաինացիների նկատմամբ, որպեսզի սկսեն բանակցել Ռուսաստանի հետ»,- ասում է Գերմանա-ուկրաինական բյուրոյի համահիմնադիր Մատիա Նելեսը։
Դիտորդների խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում նահանգային ընտրությունների նման արդյունքները չեն ազդի դաշնային կառավարության դիրքորոշման վրա՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության հարցում:
«Բայց արդեն որոշակի փոփոխություն է նկատելի կենտրոնամետ կուսակցությունների հռետորաբանության մեջ՝ [Ուկրաինայի հարցում]: Ունենք չորս կենտրոնամետ կուսակցություններ, և նրանցից ոմանք արդեն իսկ կիրառում են այն խոսույթները, որոնք բնորոշ են պոպուլիստական և ծայրահեղ աջ ուժերին»,- շարունակում է Նելեսը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները ազատական Ազատ ժողովրդավարական կուսակցությունից (FDP) է, որը Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս է կազմում, և, ահա, նախարարը պնդում է, որ հաջորդ տարվա պետբյուջեում Ուկրաինային տրվող օգնությունը պետք է կիսով չափ կրճատվի: Նրա կուսակցությունը Թյուրինգիայի նահանգային ընտրություններում հավաքեց 5%-ից պակաս ձայն, և այնտեղ ակնհայտորն մտահոգված են, որ հաջորդ տարի կայանալիք համերկրային՝ դաշնային ընտրություններում նույնքան քիչ տոկոս կհավաքեն:
«Իրոք, կռիվ է, պայքար քաղաքական գոյատևման համար, հատկապես ազատակնների դեպքում, որոնք առաջ են քաշում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը կրճատելու օրակարգը»,- ասում է Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Լիանա Ֆիքսը:
Հայտնի է, որ ներգաղթին վերաբերող խնդիրներն են ծայրահեղ աջերին ձայներ բերում, սակայն այս պարագայում ուշադրության կենտրոնում նախևառաջ մահմեդական միգրանտներն են, թեև Գերմանիան նաև ընդունել է ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստականների:
«Հարցեր կան՝ արդյո՞ք այդ մարդիկ՝ [փախստականները] պետք է ֆինանսավորվեն և ինչպե՞ս, զորակոչվե՞ն, թե՞ ուղարկվեն Ուկրաինա։ Նուրբ հարցեր են։ Գերմանիայում են արական սեռի ուկրաինացիներ, որոնք օրինական կերպով կարող են ենթարկվել զորակոչի: Մեծանում է ճնշումը Գերմանիայում գտնվող ուկրաինացի տղամարդ փախստականների նկատմամբ՝ նրանց Ուկրաինա վերադարձնելու պահանջով»,- ասում է Մատիա Նելեսը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը շտապել է հիշեցնել՝ երկրի անվտանգության մարմինները Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը դասել են ծայրահեղական ուժերի շարքում, և նրանց հաղթանակը Թյուրինգիայում պետք է «արթնացնող զանգ լինի» ողջ երկրի համար: