Մատչելի հղումներ

Մոդին Պուտինին հայտնել է՝ աջակցում է ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտին


Վոլոդիմիր Զելենսկի, Նարենդրա Մոդի
Վոլոդիմիր Զելենսկի, Նարենդրա Մոդի

Ուկրաինա այցից օրեր անց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է, թե կողմ է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուտափույթ ավարտին։

Երեքշաբթի տեղի ունեցած Մոդի-Պուտին հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Հնդկաստանի վարչապետի զրույցից մեկ օր անց, որը նույնպես վերաբերում էր ուկրաինական պատերազմին:

X-ում գրառմամբ Մոդին տեղեկացրել է, որ Պուտինի հետ «մտքեր է փոխանակել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հեռանկարների մասին և փոխանցել իր տպավորությունները Ուկրաինա կատարած վերջին այցից»: Հնդկաստանի վարչապետ կրկնել է «[իր երկրի] հաստատակամ հանձնառությունը՝ աջակցել հակամարտության մոտակա, մշտական և խաղաղ կարգավորմանը»:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը Նարենդրա Մոդին հորդորել էր բանակցություններ սկսել Կիևի ու Մոսկվայի միջև և ասել էր, թե «պետք է շարժվել այդ ուղղությամբ՝ առանց ժամանակ կորցնելու»։ Մոդին նաև առաջարկել էր ակտիվ դեր խաղալ խաղաղության հաստատման գործում։

Հնդկաստանի վարչապետի այցը Կիև տեղի ունեցավ արևմտյան դաշնակիցների քննադատության ֆոնին, թե Նյու Դելին չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա:

Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մոդին ընդգծել է երկխոսության և դիվանագիտության կարևորությունը, ինչպես նաև «բոլոր շահագրգիռ կողմերի անկեղծ և գործնական ներգրավվածությունը»:

Մոդին և Պուտինը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններն ու գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված քայլեր՝ ասված է հաղորդագրությունում։

Երկուշաբթի Բայդենի հետ իր զրույցի ժամանակ Մոդին հայտնել էր Հնդկաստանի աջակցություն մասին՝ ի նպաստ խաղաղության և կայունության շուտափույթ հաստատման։

«Կարծում եմ, որ Մոդիի զրույցները ռուս և ամերիկացի առաջնորդների հետ տեղի են ունենում Հնդկաստանի ջանքերի ֆոնին, որ լրջորեն ցանկանում է օգտագործել իր լծակները այս հակամարտությունը լուծելու համար և հանդես գալ որպես ինքնուրույն դերակատար: Նախկինում նման նախաձեռնության բացակայության պատճառով [Հնդկաստանին] մեղադրում էին, հետևաբար՝ այն ձեռք է մեկնում հակամարտության մեջ ներգրավված երկրներին»,- ասում է Նյու Դելիի Observer Research Foundation-ի հետազոտությունների գծով նախագահ Հարշ Պանտը:

Այդուհանդերձ՝ Հնդկաստանը չի առաջարկել պատերազմն ավարտելու ծրագիր, բայց քանի որ Նյու Դելին այն սակավաթիվ կողմերից է, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, այնտեղ հույս ունեն բանակցություններ նախաձեռնել Մոսկվայի և Ուկրաինայի միջև:

Մոդիի այցից հետո Զելենսկին լրագրողներին փոխանցել է, որ ինքը հայտնել է Հնդկաստանի վարչապետին, որ կաջակցի Նյու Դելիին հյուրընկալելու խաղաղության հարցով երկրորդ գագաթնաժողովը, քանի որ Կիևը հույս ունի հյուրընկալ գտնել գլոբալ հարավի երկրներից:

Հիշեցնենք՝ այս հունիսին Շվեյցարիայում տեղի ունեցավ խաղաղության առաջին գագաթնաժողովը։

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյան Ջայշանկարն Կիևում ասել է, որ Նյու Դելին պատրաստ է անել հնարավորը պատերազմին վերջ դնելու համար, «քանի որ կարծում ենք, թե այս հակամարտության շարունակությունը սարսափելի է, Ուկրաինայի, բայց նաև աշխարհի համար»:

Հակամարտության լուծումը կարևոր է Հնդկաստանի համար, քանի որ Ռուսաստանի շարունակական մեկուսացումը կարող է Մոսկվային մղել ավելի ամուր համագործակցության Նյու Դելիի մրցակից Չինաստանի հետ՝ ասում են վերլուծաբանները:

«Հնդկաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանի և Արևմուտքի խզումը մշտական լինի, քանի որ դա միայն նշանակում է Մոսկվա-Պեկին կապերի ամրապնդում: Հնդկաստանը նաև ցանկանում է տեսնել կայուն Եվրոպա, որն կարող է ավելի մեծ դեր խաղալ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Դա շատ կարևոր է Հնդկաստանի համար։ Հնդկաստանը չի ցանկանում տեսնել այնպիսի Եվրոպան, որը դիմագրավում է իր ներքին մարտահրավերները, այլ ոչ թե ներգրավված է համաշխարհային գործերում»,- ասում է Պանտը:

Հայտնի է, որ Մոդին Ուկրաինա մեկնեց Մոսկվա կատարած իր այցից մոտ վեց շաբաթ անց, ինչը հանգեցրել էր բերել Զելենսկու և արևմտյան դաշնակիցների խիստ քննադատությանը:

Ինչևէ, Նյու Դելիում վերլուծաբանները նշում են, թե Մոդիի այցը Ուկրաինա որևէ ազդեցություն չի ունենա Կրեմլի հետ Հնդկաստանի ջերմ հարաբերությունների վրա: Նախքան Կիև Մոդիի այցը, Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Նյու Դելին «էական և անկախ կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, և այդ գործընկերություններն ինքնուրույն են»:

XS
SM
MD
LG