Первый отдел իրավապաշտպան նախագծի ղեկավար Դմիտրի Զայիր-Բեկը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորմանը՝ խորհուրդ տալով սպասել ֆրանսիական իրավապահների կողմից ներկայացվելիք պաշտոնական մանրամասն հաղորդագրությանը։
«Դուրովին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Դատախազությունից ընդամենը հաղորդագրություն է տարածվել, որ մի խումբ անհայտ անձանց նկատմամբ գործ է քննվում, որի շրջանակներում մեսենջերի ղեկավարը բերման է ենթարկվել և հարցաքննվել։ Բայց եթե ֆրանսիացի լրագրողների գրածն ճիշտ է, ապա կարելի է ասել, որ Ֆրանսիան այս դեպքում հավասարավել է անազատ երկրներին և հալածում է նրան, ով ստեղծել է մարդկանց ազատ հաղորդակցության համար աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը»,- ասում է մեր զրուցակիցը:
Զայիր-Բեկը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Telegram-ում որևէ մոդերացիա չկա և, օրինակ, ով ինչ ասես կարող է վաճառել՝ զենք, թմրանյութեր, մանկական պոռնոգրաֆիկ նյութեր և այլն։
«Կարող եք մեղադրել Ցուկերբերգին, քանի որ Facebook-ում հսկայական թվով խաբեբաներ կան: Դուրովի դեպքն եզակի չէ։ Մեղադրանքում կար ևս մեկ բաղադրիչ, որը, կարծես, երկրորդ պլան մղվեց, բայց, իմ կարծիքով, առանցքային էր՝ հատուկ ծառայությունների հետ համագործակցությունից հրաժարվելը։ Սա ամենակարևոր կետն է։ Եթե այս մեղադրանքը հաստատվի, ապա հնարավոր կլինի խոստովանել, որ Ֆրանսիայի իշխանությունները գործում են մոտավորապես նույն կերպ, ինչ ռուսական իշխանությունները՝ ստիպելով Telegram-ին համագործակցել, բիրտ մեթոդներով»,- ասում է Զայիր-Բեկը։
Դմիտրի Զայիր-Բեկն անդրադարձավ նաև Դուրովին կալանավորելու վերաբերյալ Կրեմլի պրոպագանդիստների հայտարարություններին. «Բոլորը հասկանում են, որ նրանք թքած ունի խոսքի ազատության վրա։ Պարզապես, այս դեպքում բարձրաստիճան հրահանգով նրանք որոշեցին արտահայտվել նման կերպ»։
Աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկի հիմնադրի կալանավորումն արդեն իսկ հետևանքներ է ունեցել՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է РосКомСвободы-ի համահիմնադիր, իրավապաշտպան Սարգիս Դարբինյանը՝ նշելով, որ խոսքը ոչ միայն Ton կրիպտոարժույթի մասին է, այլև ողջ էկոհամակարգի, որն այժմ ստեղծվում է Telegram-ի շուրջ։
«Ակնհայտ է, որ Ton-ի գինն ընկնում է նման տագնապալի լուրերից հետո։ Մեսենջերի համար Դուրովի ձերբակալությունը նույնպես կարևոր կլինի։ Եթե նա արագ ազատ արձակվի, շատերը կմտածեն, որ գործարք է կնքել ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների հետ, ծախվել է: Դա կարող է հանգեցնել մեսենջերի նկատմամբ վստահության կորստի և հաճախորդների արտահոսքի: Իսկ եթե Դուրովը բանտարկվի, ապա Telegram-ի նկատմամբ վստահությունը կարող է մեծանալ»,- ասում է Դարբինյանը։
Նա ևս ուշադրություն է հրավիրում՝ Դուրովի նկատմամբ դեռ պաշտոնական մեղադրանք չկա. «Եթե հավատաք ոչ պաշտոնական աղբյուրներին, թվում է, թե նրանք մարդկության բոլոր մեղքերը բարդելու են Դուրովի վրա։ Իհարկե, հարթակում բովանդակության մոդերացիայի վերաբերյալ միշտ շատ հարցեր են եղել»:
Այս տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Telegram-ին վերաբերող իր որոշմամբ, որը հայտնի է «Պոդչասովն ընդդեմ Ռուսաստանի» անվամբ, մատնանշեց գաղտնագրման տեխնոլոգիաների կարևորությունը՝ առցանց հաղորդակցության գաղտնիությունն ապահովելու համար:
Դարբինյանի խոսքով՝ այս առումով Դուրովի կալանքը վատ նախադեպ է Եվրոպայի համար, և նման քայլը կարող է մայրցամաքից վանել ՏՏ ոլորտի շատ մասնագետների և կրիպտոարժույթով զբաղվողներին. «Եթե [Դուրովին ներկայացվելիք] մեղադրանքները, իրոք, կապված են [Telegram-ի] մոդերացիայի, գաղտնագրված չաթերի բանալիների չտրամադրման հետ, ապա այն, անկասկած, կառաջացնի շատ լուրջ բանավեճ Եվրամիության ներսում, որն արդեն սկսվել է, ինչն էլ ուղղակի նվեր կլինի Կրեմլի և նրա պրոպագանդիստների համար, որոնք անմիջապես սկսեցին խոսել Արևմուտքում խոսքի ազատության բացակայության մասին»։
Հետախուզության և անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ջոզեֆ Ֆիցանակիսը նշում է․ «Կարծում եմ, քննարկումներ կսկսվեն խոսքի ազատության և Դուրովի ձերբակալության միջև եղած կապի մասին։ Նա իր բիզնեսը կառուցել է ազատականության և ազատ խոսքի գաղափարների վրա, ուստի հասկանալի է, թե ինչու կարող են Իլոն Մասկի նման մարդիկ ներգրավվել թեմայի մեջ: Սակայն այս խնդիրը, ի վերջո, ծագում է անօրինական գործողություններից։ Telegram-ի նման ցանցերն օգտագործվում են ապօրինի գործողությունները դյուրին դարձնելու համար։ Հաջորդ քայլը կլինի պարզել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Telegram-ի ցանցերում»:
ԱՄՆ Նյու Հեյվենի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների գծով պրոֆեսոր Մեթյու Շմիդտը ասում է․ «Այն, ինչ լսեցինք Ֆրանսիայի նախագահ Մակրոնից, վերաբերում է Telegram-ի դժկամությանը չմոդերացնել իր ալիքներում առկա բովանդակությունը, ինչը, ենթադրաբար, կապված է Ֆրանսիայում մանկապղծության դեպքերին առնչվող հետաքննության հետ և ինչն էլ [Դուրովի] ձերբակալության պատճառ է դարձել: Իրականում, գործ ունենք հարցաքննություն անցկացնելու նպատակով իրականացված ձերբակալոսւթյան, քան կալանավորման հետ։ Տեսել ենք, որ Իլոն Մասկը աջակցում է Դուրովին և Telegram-ին, քանի որ նա նույն կերպ է դիրքավորում իր սեփական սոցիալական հարթակը՝ X-ը։ [Բովանդակությունը մոդերացնելու գործում] մասնավոր ընկերությունների պատասխանատվության հարցը արդիական է և միայն կբարդանա արհեստական բանականության զարգացմամբ: Չեմ կասկածում, որ առաջիկայում նույն խնդրին կբախվի ChatGPT-ին, և այն, ինչ կատարվում է Դուրովի հետ, միայն սկիզբն է»։