Իսրայելը հայտնել է, որ կանխարգելիչ ավիահարվածներ է հասցրել բազմաթիվ հրթիռային կայանների՝ կանխելու Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահի» ծրագրած հարձակումը իր դեմ:
«Հեզբոլլահի» ներկայացմամբ՝ հարյուրավոր հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան անցած ամիս Բեյրութում իր ռազմական հրամանատարի սպանությանը:
Կիրակի տեղի ունեցածը կողմերի միջև ամենից լայնածավալ փոխհրաձգությունն էր նախորդ ամիսների ընթացքում:
Իսրայելի պնդմամբ՝ ավելին է սպասվում:
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է.
«Մենք հարվածում ենք «Հեզբոլլահին»… ։ Երեք շաբաթ առաջ վերացրեցինք շտաբի պետին, իսկ այսօր խափանել ենք հարձակվելու նրանց ծրագիրը: Նասրալլահը Բեյրութում և Խամանեին Թեհրանում պետք է իմանան, որ սա ևս մեկ քայլ է հյուսիսում իրավիճակը փոխելու ճանապարհին…։ Կրկնում եմ՝ սա դեռ ավարտը չէ»:
Զուգահեռաբար՝ շաբաթ օրը, ըստ տեղում օգնություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչների, Գազայի հատվածին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել են առնվազն երեք տասնյակ պաղեստինցիներ:
Իսրայելական բանակը արձագանքել է, որ ուսումնասիրում է հաղորդագրությունները:
Այս ամենը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախատեսված և հրադադարի հաստատմանը միտված բանակցությունների նախօրեին էր:
ԱՄՆ Սենտաի անդամ Բերնի Սանդերսը կիրակի ABC-ին հետ զրույցում նշել է.
«Արդեն տևական ժամանակ շատ անկայուն իրավիճակ է Մերձավոր Արևելքում: Լավ նորությունն այն է, որ ինչպես «Հեզբոլլահը», այնպես էլ Իսրայելը փորձում են նվազեցնել լարվածությունը։ Հուսամ՝ դա տեղի կունենա, և մենք հնարավորինս շուտ կհասնենք հրադադարի Իսրայելի և «Համասի» միջև»:
Ինչևէ, չնայած իսրայելա-լիբանանյան սահմանին դեռ շարունակվող լարվածության աճին, արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ այն, այնուամենայնիվ, չի հանգեցնի տարածաշրջանում ավելի լայն հակամարտության: