Մատչելի հղումներ

«Մեր ձեռքի տակ է Ստալինի կողմից ստորագրված կարևոր փաստաթուղթ». լեհ պատմաբան


Ստալինը Կրեմլում ընդունում է Գերմանիայի կառավարական պատվիրակությանը. 23 օգոստոսի, 2024 թ
Ստալինը Կրեմլում ընդունում է Գերմանիայի կառավարական պատվիրակությանը. 23 օգոստոսի, 2024 թ

Մոլոտով-Ռիբենտրոպ հայտնի պակտի ստորագրման 85-ամյակի կապակցությամբ պատմաբան Քշիշտոֆ Ռակը հարցազրույց է տվել, թե ինչպես է Ռուսաստանում կրկին վերաշարադրվում պատմությունը և արդյոք հնարավոր է վերականգնել Ռուսաստանի և Լեհաստանի միջև նորմալ հարաբերությունները

Այս օգոստոսի 23-ին լրացավ նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության միջև չհարձակման մասին պայմանագրի ստորագրման 85-րդ տարելիցը։ Փաստաթուղթն առավել հայտնի է որպես Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ՝ ժամանակի երկու խոշորագույն տոտալիտար պետությունների արտաքին գործերի նախարարների ազգանուններով։ Այն կոչված էր երաշխավորել, որ ԽՍՀՄ-ը և հիտլերյան Գերմանիան չեն հարձակվելու միմյանց վրա, եթե երկրներից մեկը մարտական գործողություններ վարի։

Պայմանագրի ստորագրումից ինն օր անց՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա։ Տասնյոթ օր հետո խորհրդային զորքերը ներխուժեցին Լեհաստանի արևելյան վոյեվոդություններ՝ մարզեր, «Արևմտյան Բելառուսի և Արևմտյան Ուկրաինայի ժողովուրդների ազատագրման» պատրվակով։ Սեպտեմբերի 28-ին Մոլոտովը և Ռիբենտրոպը ստորագրեցին «ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև բարեկամության և սահմանների մասին պայմանագիրը»։ Այն պարունակում էր գաղտնի արձանագրություններ, որոնցով ամրագրվեց Լեհաստանի բաժանման փաստը։

Խորհրդային Միությունում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին առաջին անգամ սկսեցին բացահայտ գրել 1980-ականների վերջին՝ «պերեստրոյկայի» և «գլասնոստի» շրջանում։ 1989 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարը դատապարտեց 1939 թվականի օգոստոսի 23-ի գաղտնի լրացուցիչ արձանագրության և Գերմանիայի հետ այլ գաղտնի պայմանավորվածությունների ստորագրման փաստը ու գաղտնի արձանագրությունները ճանաչեց «իրավաբանորեն անհիմն և անվավեր դրանց ստորագրման պահից»։

2009 թվականին Եվրախորհրդարանը օգոստոսի 23-ը՝ Գերմանիայի և Խորհրդային Միության միջև չհարձակման մասին պայմանագրի ստորագրման օրը, հռչակեց ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի օր։ Սակայն ներկայիս Ռուսաստանում ընդունված չէ հիշատակել այդ փաստերի մասին։

«Ամերիկայի ձայնի» թղթակից Աննա Պլոտնիկովան այս մասին Վարշավայում զրուցել է լեհ պատմաբան, Լեհ-գերմանական համագործակցության հիմնադրամի նախկին տնօրեն Քշիշտոֆ Ռակի (Krzysztof Rak) հետ։

1990-ական թվականներին նա աշխատել է որպես փորձագետ Լեհաստանի նախագահի աշխատակազմում, որտեղ զբաղվել է միջազգային հիմնախնդիրներով, հատկապես լեհ-գերմանական հարաբերություններով և եվրոպական քաղաքականությամբ։ Քշիշտոֆ Ռակը հեղինակել է «Լեհաստանը՝ Հիտլերի չկայացած դաշնակից», «Պիլսուդսկին Ստալինի և Հիտլերի միջև», «Դժոխային հարևանները. ինչպես Ռուսաստանը և Գերմանիան պայմանավորվեցին Լեհաստանի հաշվին» (Գժեգոժ Կուխարչիկի հետ) գրքերը։

«Ամերիկայի ձայն»․ «10-11-րդ դասարանի պատմության ռուսական դասագրքի համահեղինակ Վլադիմիր Մեդինսկին 2021 թվականի հունվարի 15-ի իր հոդվածում գրել է, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի էությունը «հարկադիր, թեև լեգիտիմ գործարք է ակնհայտ թշնամու հետ։ ԽՍՀՄ-ը ժամանակ շահեց պատերազմին նախապատրաստվելու համար, երկպառակություն մտցրեց Գերմանիայի և Ճապոնիայի կոալիցիայում... Գաղտնի արձանագրությունը և դրանում ամրագրված «շահերի ոլորտները» թույլ տվեցին խուսափել Գերմանիայի հետ պատերազմից Լեհաստանի պարտությունից հետո։ Կարմիր բանակը, ըստ էության, փրկեց Արևմտյան Ուկրաինան և Բելառուսը ֆաշիստներից՝ տեղաշարժելով նաև մեր սահմանը դեպի արևմուտք»։ Այս տեսակետը դարձել է պաշտոնական պուտինյան Ռուսաստանում։ Արդյո՞ք Մեդինսկիի սահմանման մեջ պատմական ճշմարտությունը խեղաթյուրվում է»։

Քշիշտոֆ Ռակ․ «Նախևառաջ, այդ տեսակետը նոր չէ և այն չի կարելի վերագրել Ռուսաստանի պատմական քաղաքականությանը։ Այն հանդիպում ենք 1948 թվականին հրատարակված «Պատմության կեղծարարներ» գրքում, որի գլխավոր հեղինակը Ստալինն էր։ Այնպես որ, այդ խոսույթի արմատները գալիս են դեռևս անցյալ դարի կեսերից։ Կարճ ասած՝ այն, ինչ գրում է Ռուսաստանի մշակույթի նախկին նախարարը, նորություն չէ»։

Իսկ հիմա խոսենք պատմական ճշմարտության մասին։ Ռուսաստանում 90-ականներին «արխիվային հեղափոխություն» էր (երբ բացվեց արխիվների մի մասը), և այժմ մեր ձեռքի տակ են բազմաթիվ փաստաթղթեր՝ և՛ խորհրդային, և՛ գերմանական, և՛ լեհական։ Ուստի, մենք կարող ենք տարանջատել ճշմարտությունը խոսույթներից։ Դրա համար պետք է պատկերացում ունենալ 30-ականների վերջի խորհրդային արտաքին քաղաքականության մասին և հասկանալ, թե ինչ էր ուզում անել Ստալինը։ Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, և ոչ միայն գաղտնի։ Օրինակ՝ Ստալինի ելույթը 1939 թվականի մարտին Համամիութենական կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության XVIII համագումարում։ Նա ասում էր, որ Եվրոպայում արդեն սկսվել է իմպերիալիստական պատերազմ, որին ԽՍՀՄ-ը չի ցանկանում մասնակցել, քանի որ դա պատերազմ է երկու խմբավորումների՝ արևմտյան երկրների և Հիտլերի ու Մուսոլինիի միջև։

Ինչպե՞ս էր Ստալինը վերաբերվում այդ պատերազմին։ Արդյո՞ք նրա արտաքին քաղաքականությունը խաղաղասեր էր, ինչպես պնդում է հին սովետական նարատիվը, որն այսօր վերածնվում է։ Բոլոր փաստաթղթերը վկայում են, որ Ստալինը պատերազմ էր ուզում, ոչ թե խաղաղություն, նա ցանկանում էր, որ նախ «իմպերիալիստական» տերությունները կռվեն իրար մեջ, և երբ պատերազմի արդյունքում թուլանան, այդժամ հեղափոխական իրավիճակի հնարավորությունը կմեծանար։ Ուստի Ստալինը շահագրգռված էր պատերազմով, որին կհետևեր հեղափոխությունը կապիտալիստական երկրներում։ Նա հույս ուներ ներգրավվել պատերազմի մեջ որպես երրորդ կողմ, հաղթել երկու խմբավորումներին, ինչի արդյունքում կձևավորվեր մեկ մեծ «խաղաղ» Խորհրդային Միություն։ Սա է իրական ռազմավարությունը, որի մասին, ի դեպ, գրել է դեռևս Լենինը»։

«Ամերիկայի ձայն»․ «Կատինում տասնյակ հազարավոր լեհ զինծառայողների գնդակահարությունը մինչ օրս Լեհաստանում համարվում է 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ 2010 թվականին Վլադիմիր Պուտինը, այն ժամանակ Ռուսաստանի վարչապետի պաշտոնում, դատապարտեց կատինյան ոճրագործությունը՝ հանցագործության պատասխանատվությունը դնելով Ստալինի վրա։ Սակայն 2023 թվականի նոյեմբերին Պետդումայում ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Կատինի ողբերգության հանգամանքների գնահատականների հնարավոր վերանայման հարցով։ Խումբը ղեկավարում էր Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։ Կատինի ողբերգության գնահատականների վերանայման նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Իվանովին։ Նա հայտարարեց, թե «մանկավարժական համայնքին վրդովեցրել է այն փաստը, որ նոր դասագրքում հայտնվել է «գեբելսյան» վարկածը, որի համաձայն՝ Կատինում 22 հազար լեհ զինծառայողների գնդակահարությունը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ձեռքի գործն է»։ Պատգամավորի խոսքով՝ «դեռևս Նյուրնբերգյան տրիբունալը բազմաթիվ վկայությունների հիման վրա համոզիչ կերպով ապացուցել է, որ հենց գերմանացիներն են գնդակահարել լեհերին Կատինում»։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված ռուսական քաղաքականության այդպիսի «շրջադարձը», և արդյո՞ք լեհ պատմաբանները պատրաստ են պաշտպանել պատմական ճշմարտությունը»։

Քշիշտոֆ Ռակ․ «Մեր ձեռքի տակ է ամենակարևոր փաստաթուղթը, որը ստորագրել են Քաղբյուրոյի անդամները և անձամբ Ստալինը. «Լեհ սպաների գնդակահարության մասին որոշումը»։ Այս փաստաթղթի մասին բոլորը գիտեն, և որևէ կասկած չկա դրա իսկության և ճշգրտության մեջ։ Կարծում եմ, որ այսօրվա պատմական քաղաքականությունը, որը հեռարձակվում է Կրեմլից, առաջին հերթին քաղաքական սադրանք է։ Մոսկվան ուզում է ասել, որ Ստալինը ճիշտ էր, քանի որ նա կայսերական նկրտումներ ուներ, և այս տեսակետը կիսում են շատ «վելիկոռոսներ»։ Այո, մենք գնդակահարել ենք լեհ սպաներին, բայց դա քրեական հանցագործություն չէր, քանի որ արվել էր կայսրության անվտանգության համար։ Իսկ հանուն կայսրության կարելի է անել ամեն ինչ, այդ թվում՝ ոչնչացնել տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիների։ Ցավոք, կան մարդիկ, որոնք իսկապես հավատում են դրան և կարծում են, որ դա ճիշտ էր։ Սա ռուսաստանցիների որոշակի հատվածի կայսերապաշտական մտածելակերպի և մտածողության օրինակ է։ Լեհաստանում հակված էինք հավատալ, որ նրանք, ովքեր այդպես են մտածում, փոքրամասնություն են կազմում։ Բայց հիմա սկսում ենք ինքներս մեզ հարց տալ՝ արդյո՞ք միամիտ չենք եղել»։

«Ամերիկայի ձայն»․ «80-ականների վերջից սկսած՝ ռուսական փորձագիտական միջավայրում բանավեճեր են ընթանում՝ կարելի է արդյոք 30-ականների ԽՍՀՄ-ը համեմատել Երրորդ Ռեյխի, իսկ Իոսիֆ Ստալինին՝ Ադոլֆ Հիտլերի հետ։ Ընդ որում՝ նման համեմատությունների կողմնակիցներն ու հակառակորդները ներկայացրել են իրենց փաստարկները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ բանավեճերը ձեր տեսակետից։ Եվ տեղի՞ն է արդյոք Արևելյան ճակատում գերմանական Վերմախտի գործողությունները համեմատել Ուկրաինայի օկուպացված շրջաններում ռուսական բանակի գործողությունների հետ»։

Քշիշտոֆ Ռակ․ «Շատ բարդ հարց է, դա արդեն պատմություն չէ, այլ՝ քաղաքականություն։ Չեմ սիրում այս հարցում համեմատություններ անել։ Հիտլերը և Երրորդ Ռեյխը, Ստալինը և ԽՍՀՄ-ը նույնը չեն։ Դրանք երկու միանգամայն տարբեր քաղաքական, սոցիալական և փիլիսոփայական համակարգեր են։ Այսօր մենք սիրում ենք ամեն ինչ պարզեցնել, նույնիսկ՝ ամենաբարդ բաները։ Սակայն որպես պատմաբան՝ վստահեցնում եմ, որ պատմությունը շատ ավելի բարդ է, քան մեզ թվում է։ Հրապարակախոսների և լրագրողների համար Ստալինն ու Հիտլերը նույն չարիքն են, բայց ոչ պատմաբանի համար։ Եվ Պուտինը Ստալին կամ Հիտլեր չէ ու երբեք չի դառնա։

Հիտլերը սպանում էր հրեաներին, լեհերին, ռուսներին, բելառուսներին, ուկրաինացիներին՝ ընդհանուր առմամբ 40 միլիոն մարդ։ Ռուսները մինչև հիմա չգիտեն, թե քանի մարդ է զոհվել։ Հիտլերի ու Ստալինի համակարգերը միանշանակ տոտալիտար էին, սակայն հարց է ծագում՝ պուտինյան համակարգը տոտալիտա՞ր է, թե՞ ավտորիտար։ Առայժմ այն տոտալիտար չէ, բայց այդ ուղղությամբ միտումը հստակ է։ Պետք է շատ զգույշ լինել նման կոշտ կատեգորիաների մասին դատողություններում։ Նույնիսկ մեզ մոտ Լեհաստանում երկու հիմնական կուսակցությունների պայքարում անընդհատ փոխադարձ մեղադրանքներ են հնչում այն մասին, որ հակառակորդը Պուտինի կողմնակից է։ Սակայն, իմ կարծիքով, այդ ամենը ոչ այնքան խելացի մարդկանց համար է»։

«Ամերիկայի ձայն»․ «Անդրադառնանք լեհ-ուկրաինական հարաբերություններին։ Երկու ժողովուրդների պատմության մեջ եղել են և բացահայտ թշնամանքի, և հաշտեցման ժամանակաշրջաններ։ Այժմ Լեհաստանը շատ լուրջ հումանիտար, տնտեսական և ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, որը ենթարկվել է ռուսական ագրեսիայի։ Կարո՞ղ է ընդհանուր հակառակորդի դեմ համատեղ պայքարը վերջնականապես անցյալում թողնել փոխադարձ պահանջներն ու դժգոհությունները»։

Քշիշտոֆ Ռակ․ «Այո, կարող է, բայց հեշտ չէ։ Դրանք սոցիալական գործընթացներ են, որոնք վերաբերում են երկու տարբեր ազգերի մտածելակերպին։ Տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունից բխող այս խնդիրները լուծվեն և մնան անցյալում։ Մենք ձգտելու ենք դրան, և կարծում եմ, որ Լեհաստանի օգնությունն Ուկրաինային շատ կարևոր գործոն է ապագա լեհ-ուկրաինական հարաբերությունների համար։ Բայց այդ վերքերը բուժելու համար անհրաժեշտ է համբերություն և ժամանակ։ Իսկ մեր օգնությունն ու փոխգործակցությունը ամեն կերպ նպաստում են դրան։

Ես ապրում եմ Վարշավայում, և դեռևս պատերազմից առաջ այստեղ սրճարաններում և ռեստորաններում աշխատում էին շատ երիտասարդներ Ուկրաինայից։ Նրանք աշխատում էին քրտնաջան, բայց շատ գոհ էին իրենց հանդեպ վերաբերմունքից։ Իսկ այժմ Լեհաստանում աշխատում է ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի։ Մենք միասին ապրում ենք կողք կողքի, և դա նորմալ է, մեզ համար նրանք այլևս օտարերկրացիներ չեն»։

«Ամերիկայի ձայն»․ «Պատմական հետահայաց տեսանկյունից ամեն ինչ հարթ չէր նաև Լեհաստանի հարաբերություններում իր արևմտյան հարևան Գերմանիայի հետ։ Լեհաստանի նախորդ «իշխանության կուսակցությունը» բարձրացրել էր Գերմանիայի կողմից ավելի քան 1,3 տրիլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարելու հարցը՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Երրորդ Ռեյխի հասցրած վնասի համար։ Ճիշտ է, Լեհաստանի գործող վարչապետ Դոնալդ Տուսկի Բեռլին կատարած այցից հետո երկու երկրների հարաբերություններում նկատելի ջերմացում է նշմարվում։ Սակայն փոխհատուցման հարցը լիովին լուծված չէ, թեև Գերմանիան վճռականորեն հրաժարվում է վճարել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է լինի այս վեճի արդյունքը»։

Քշիշտոֆ Ռակ․ «Փոխհատուցման հարցն այժմ քննարկվում է Լեհաստանի և Գերմանիայի միջև։ Կարծում եմ՝ լեհ-գերմանական երկկողմ խորհրդակցությունների ժամանակ շուտով այդ հարցը գոնե մասամբ կլուծվի։ Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում, և մենք դեռ չենք կարող դատել արդյունքների մասին, հնարավոր է, որ լեհական կողմը ինչ-որ բան կստանա Գերմանիայից։ Ընդհանուր առմամբ, այս հարցը երկու կողմերի համար էլ խրթին է, այդուհանդերձ, կողմերը խոսում են այդ մասին և մտադիր են հետագայում ևս քննարկումները շարունակել։ Իսկ դա նշանակում է, որ երկու հարևանների հարաբերությունները նորմալ են»։

«Ամերիկայի ձայն»․ «Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանան Լեհաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առնվազն միջնաժամկետ հեռանկարում։ Կարո՞ղ են արդյոք Վարշավան և Մոսկվան հասնել եթե ոչ լիակատար փոխըմբռնման, ապա գոնե երկու կողմերի համար շահավետ համագործակցության տնտեսության որոշ ոլորտներում»։

Քշիշտոֆ Ռակ․ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես և երբ կավարտվի պատերազմը։ Ո՞րն է միջնաժամկետ հեռանկարը։ Մոտ հինգ տարի։ Եթե խոսում ենք տասնամյակի մասին, ապա դա արդեն ռազմավարական հեռանկար է։ Իհարկե, մենք կմնանք հարևաններ և ստիպված կլինենք ինչ-որ կերպ խոսել։ Բայց քանի դեռ Ռուսաստանը կարծում է, որ կարող է իր քաղաքականությունը վարել տանկերի, հրթիռների ու ռումբերի միջոցով, այդ երկխոսությունը բացարձակապես նվազագույն կլինի։ Այս փուլում Լեհաստանի գլխավոր խնդիրն է Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ կառուցել այնպիսի բանակ և մեր տարածքում ունենալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների բավական խոշոր ուժեր, որպեսզի երաշխավորվի, որ Ռուսաստանը չի հարձակվի մեզ վրա։ Ես չեմ տեսնում համակեցության որևէ հնարավորություն, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Դրա մասին պետք է մտածել դրա ավարտից հետո։

Լեհական քաղաքականությունը այժմ նաև արևմուտքի քաղաքականությունն է։ Մենք ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ ենք, սակայն չէի ցանկանա ասել, որ անվերապահորեն հետևելու ենք Բրյուսելի, Բեռլինի կամ Վաշինգտոնի ցուցումներին։ Այդուհանդերձ, մենք անդամակցում ենք այդ կազմակերպություններին և պետք է կենտրոնանանք մեր հիմնական դաշնակիցների վրա։

Ինձ համար մեծ հարց է՝ կարելի՞ է արդյոք պայմանավորվել Պուտինի և նրա մարդկանց հետ։ Դժվար թե, որովհետև Պուտինն ու իր շրջապատը բոլորին ցույց տվեցին, որ, իրենց կարծիքով, պարտավոր չեն կատարել ստորագրված և նույնիսկ վավերացված պայմանագրերը։ Բայց չէ՞ որ դա միջազգային հարաբերությունների կարևորագույն սկզբունքն է։ Երբ կողմերից մեկը չի ցանկանում իրագործել պայմանագիրը, ի՞նչ համակեցության և համագործակցության մասին կարող է խոսք լինել։ Համաձայնության հասնելու համար պետք է վստահել միմյանց, իսկ հիմա ոչ մի վստահություն չկա։ Հարց է ծագում՝ իսկ առհասարակ կարելի՞ է վստահել Պուտինին, նրա շրջապատին։ Ո՛չ։ Պետք է սպասել նոր քաղաքական գործիչների, քանի որ Պուտինը, բարեբախտաբար, հավերժ չի ապրելու»։

XS
SM
MD
LG