Բունդեսթագը պատրաստվում է Գեմանիայի հաջորդ տարվա պետբյուջեի քննարկմանը, և նախագծի համաձայն՝ նախատեսվում է կիսով չափ կրճատել Ուկրաինային ռազմական աջակցության հատկացումը՝ 8,8 միլիարդից հասցնելով 4,4 միլիարդ դոլարի։
Գերմանիայի կոալիցիոն կառավարության անդամները չեն ընդունում ընդդիմության մեղադրանքները, թե Բեռլինը պատրաստվում է հետ կանգնել Կիևին ցուցաբերվող աջակցությունից։
«Բոլոր երեք իշխանական կուսակցությունները՝ սոցիալ-դեմոկրատներից [մինչև] Կանաչների կուսակցությունն ու լիբերալներ, լիովին աջակցում են Ուկրաինային: Սոցիալ-դեմոկրատների մոտ առկա է համոզմունք, որ խաղաղությունը պետք է հաստատվի առանց զենքի: Հիանալի է: բայց ես հիմա չեմ տեսնում, որ այդ մասին խոսի նաև Պուտինը»,- նշում է FDP կուսակցության անդամ Ուլրիխ Լեհթեն:
Թե ինչու են Գերմանիայի կառավարությունում մտադիր գնալ նման կրճատման, պաշտոնական բացատրությունն է, որ ռուսական սառեցված պետական ակտիվները կարող են միլիարդավոր դոլարներ ապահովել Ուկրաինային, ինչպես որոշվեց Մեծ յոթնյակի նախորդ գագաթնաժողովին:
Բայց սեղանին է նաև այլ փաստարկ, թե 2022 թվականի կեսերից ի վեր պատժամիջոցները խոչընդոտում են Գերմանիային գնել էժան բնական գազ Ռուսաստանից, և նա ստիպված է այն ձեռք բերել ավելի բարձր գներով օրինակ Նորվեգիայից:
Տնտեսագետների ներկայացմամբ՝ թանկ էներգակիրները նպաստել են Գերմանիայում գնաճին: 2022 թվականին այն 10% էր։
«Էներգակիներին ուղղված ծախսերը պատերազմի մեկնարկին հաջորդած առաջին տարում աճեցին ավելի քան 50%-ով։ Պարենային ապրանքների գները նախորդ երեք տարիներին Գերմանիայում աճել են ավելի քան 35%-ով»,- ասում է Գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրացշերը։
Թանկացումները խփել են բազմաթիվ բեռլինցիների գրպաններին:
«Այո՛, ահռելի չափով: Ամեն ինչ՝ տրանսպորտը, սնունդը, ամեն ինչ թանկացել է»,- ասում է Բեռլինի բնակիչ Յոհանը:
«Եթե գնում եք ռեստորան, ապա ավելի թանկ է, [քան նախկինում էր]: Կարծում եմ՝ շատերն այլևս այդքան հաճախ դուրս չեն գալիս, քանի որ անդրադառնում է դրամապանակին»,- նշում է Բեռլինի մեկ այլ բնակիչ Քերստին Շուլցը:
Ծայրահեղ աջ և արմատական ձախ կուսակցությունները բարձրաձայնում են գնաճի մասին: Նրանք փոքրամասնություն են խորհրդարանում, բայց նման կերպ հեղինակություն են վաստակում հանրության շրջանում:
Ձախակողմյան BSW կուսակցությունը, որը 733 տեղանոց Բունդեսթագում ունի պատգամավորական 10 մանդատ, մեկն է այն ուժերից, որոնք կոչ են անում լիովին դադարեցնել աջակցությունը Կիևին:
«Բոլորը ցանկանում են վերջ տալ մահվանն ու պատերազմին։ Պետք է դիվանագետներ ուղարկել Ուկրաինա, ոչ թե զենք»,- ասում է BSW կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը:
Նմանատիպ փաստարկ է հնչում աջակողմյան AfD կուսակցությունից, որը Բունդեսթագում ունի 116 աթոռ:
«Չենք ցանկանում մեր ռեսուրսները ծախսել Ուկրաինայում, քանի որ այն մեզ անհրաժեշտ կլինի սեփական երկիրը պաշտպանելու համար»,- ասում է AfD-ի պատգամավոր Նորբերտ Քլայնվախթերը:
Ըստ սոցհարցումների՝ գերմանացիների մեծ մասը շարունակում է կողմ արտահայտվել Ուկրաինային ցուցաբերվող ռազմա-տեխնիկական աջակցությանը, սակայն նույն հարցումների համաձայն՝ նման դիրքորոշմամբ գերմանացիները թիվը նվազում է:
Օրինակ՝ նախորդ հարցումներից մեկը փաստում է, որ գերմանացիների ավելի քան 40%-ը չափազանց մեծ է համարում Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, իսկ ԵՄ-ին Կիևի անդամակցության աջակիցների թիվը 58%-ից նվազել է 53%: