Երկար սպասված F-16 կործանիչներն այլևս Ուկրաինայում են։ Օգոստոսի 4-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրապարակված տեսանյութը դրա վկայությունն է։
Դիտորդները միակարծիք են՝ այդ ռազմական օդանավերը էապես ընդլայնում են ուկրաինական օդուժի կարողությունները, որը մինչև վերջերս բաղկացած էր միայն խորհրդային ժամանակների ինքնաթիռներից:
Այդուհանդերձ, Եվրոպայում ու Աֆրիկայում ամերիկյան ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը գտնում է, որ F-16-ներ անմիջապես չեն կարող փոխել իրավիճակը ուկրաինական մարտադաշտում:
«Այնպես չէ, որ F-16-ների ձեռք բերումը կտրուկ բեկում կմտցնի [ռազմի դաշտում], և Ուկրաինան այլևս օդային առավելություն կստանա»,- ասում է Հեքերը:
Սակայն ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ջեֆրի Ֆիշերն ընդգծում է՝ F-16-ները բարձր ունակությամբ կործանիչներ են, և մեծ քանակի դեպքում դրանք ազդեցություն կունենան:
«Երբ դրանց թիվը 12-ից հասնի 24-ի կամ 36-ի, ապա այն, իրոք, խնդիր կդառնա [ռուսական ուժերի համար]: Որովհետև այդժամ ի վիճակի կլինեք իրականացնել այնպիսի նպատակներ, որոնք Ուկրաինան ցանկանում է և կարող է հասնել: Խոսքը՝ օդում գերիշխելու, սեփական օդային տարածքը վերահսկելու, օդում ռուսական ուժերին հակազդելու մասին է»,- ասում է պաշտոնաթող գնդապետը:
Ըստ տեղեկությունների՝ արևմտյան դաշնակիցները Ուկրաինային խոստացել են 65 միավոր F-16-ներ:
Ուկրաինացի օդաչուների պակասը, սակայն, այլ մարտահրավեր է: F-16-ի նախկին օդաչու Դեն Հեմփթոնն ասում է, թե հնարավոր լուծում կարող է լինել F-16-ների նախկին օդաչուներին հրավիրելը Ուկրաինա:
«Այնտեղ կգնան ինձ նման մարդիկ: Եթե խոչընդոտները վերացվեն, այն մեզ թույլ կտա կամավոր գնալ և օգնել Ուկրաինային։ Կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշում է Հեմփթոնը:
Ինչև, առայժմ ուկրաինացի պաշտոնյաների խոսքերը զուսպ են, թե F-16-ները կարևոր դեր կխաղան Ուկրաինան ռուսական հրթիռներից և անօդաչուներից պաշտպանելու գործում:
Նյութը պատրաստվել է Մարիա Պրուսի հոդվածի հիման վրա