Մատչելի հղումներ

Ուկրաինան մինչև նոյեմբեր կնախապատրաստի խաղաղության ծրագրի բոլոր տարրերը


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Ըստ Կիևի՝ հաջորդ խաղաղության գագաթնաժողովին կարող են հրավիրվել Ռուսաստանի ներկայացուցիչներ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է մինչև նոյեմբեր պատրաստել խաղաղության ծրագրի բոլոր տարրերը, որպեսզի Կիևը կարողանա երկրորդ միջազգային խաղաղության գագաթնաժողովը գումարել։

Անցյալ ամիս Ուկրաինան Շվեյցարիայում անցկացրել է իր առաջին խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են 92 երկրների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը հրավիրված չէր այս հավաքին։ Կիևը հայտարարել է, որ կարող է Ռուսաստանի ներկայացուցիչներին հրավիրել հաջորդ գագաթնաժողովին:

«Ես նպատակ եմ դրել, որ նոյեմբերին մենք կունենանք լիովին պատրաստված ծրագի»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում։

Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել Կիևում՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո, որտեղ անցած շաբաթ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցել է Վոլոդիմիր Զելենսկին։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Մոսկվան չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին:

Ուկրաինան հայտնել է, որ հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի աշխատանքային խմբերի բաժանված տասնյակ երկրների մշակած ծրագիրը:

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան այս ամառ կստանա մի քանի F-16 կործանիչներ և ավելի շատ մինչև տարեվերջ, սակայն հստակ թիվ չի նշել։

«Դրանք բավարար չեն լինի: Նրանք, իհարկե, կուժեղացնեն մեզ, բայց բավարար են արդյո՞ք Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետ նույն մակարդակով կռվելու համար։ Չեմ կարծում, որ դրանք բավարար կլինեն։ Մենք հույս ունենք ստանալ ավելի մեծ թվով կործանիչներ»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG