Մատչելի հղումներ

Ուկրաինան իրավունք ունի հարվածելու իր տարածքից դուրս գտնվող օրինական թիրախներին․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Կիրակի ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Օրենբուրգի նահանգում տեղակայված ռազմավարական զսպման համար կիրառվող ռադիոտեղորոշիչ կայանին, որի նպատակն է նույնականացնել հեռավոր տարածություններում թռչող հրթիռները և այլ սարքերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, թե արևմտյան երկրները պետք է վերանայեն սահմանափակումները, որոնք առկա են Ուկրաինա առաքվող զենքի առնչությամբ և որոնց նպատակն է թույլ չտալ, որ ուկրաինական ուժերը խոցեն Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները:

Ստոլտենբերգը ընդգծել է՝ այդ սահմանափակումները նվազեցնում են պաշտպանվելու ուկրաինական ուժերի հնարավորությունը։

Ելույթ ունենալով Բուլղարիա կատարած այցի ժամանակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն հիշեցրել է՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա միջազգային իրավունքի խախտում է, և Կիևն իրավունք ունի պաշտպանվել, ներառյալ՝ «Ուկրաինայից դուրս օրինական թիրախներին» հարվածելու միջոցով։

«Այժմ այդ ամենի ականտեսն ենք Խարկովի մարտերում։ Ռուսական ուժերը գտնվում են Ռուսաստանի տարածքում և հարձակվում են Ուկրաինայի տարածքի վրա։ Ճակատային գիծը, ընդհանուր առմամբ, սահմանային գիծ է, և եթե չես կարող գրոհել առաջնագծի մյուս կողմում գտնվող ռուսական ուժերին, քանզի նրանք գտնվում են սահմանի մյուս կողմում, ապա նվազեցնում ես [քո] ուժերի հնարավորությունները՝ պաշտպանվել»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընդգծել է, որ ալյանսը հակամարտության կողմ չէ՝ հավելելով, սակայն, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները իրավունք ունեն օգնել Ուկրաինային՝ պաշտպանվելու, և տրամադրել ռազմական աջակցություն:

ՆԱՏՕ-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել գործընկեր-պետություններին «աջակցել ռուսաստանցի ահաբեկիչների դեմ կանխարգելիչ պաշտպանությանը»՝ նախևառաջ նկատի ունենալով ԱՄՆ կողմից սահմանված սահմանափակումները՝ Ռուսաստանին ամերիկյան սպառազինությամբ հարվածելու առնչությամբ։

«[Մեզ անհրաժեշտ է] պաշտպանության այնպիսի տեսակ, որը կուղղվի ահաբեկիչների դեմ, որոնց հարված կհասցվի՝ նախքան նրանք կսկսեն կյանքեր խլել։ Կարող ենք տեսնել այն վայրերը, ուր կենտրոնացած են ռուսական զորքերը։ Գիտենք բոլոր տարածքները, որտեղից արձակվում են ռուսական հրթիռները և օդ են բարձրանում մարտական ինքնաթիռները»,- ասել է Զելենսկին:

Միացյալ Նահանգները «դեմ է նման հարվածներների՝ Ուկրաինայի սահմաններից դուրս», բայց Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում այլ երկրների կողմից տրամադրվող սպառազինությունների վերաբերյալ՝ անցած շաբաթ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ուկրաինան ինքնիշխան երկիր է, և նրա՛նք պետք է իրենց որոշումները կայացնեն, երբ խոսքը վերաբերում է զենքի օգտագործմանը, որը նրանք ձեռք են բերել, կամ արտադրել, օրինակ՝ անօդաչուներ, որոնք իրենք են արտադրում և օգտագործում են», - ասել է Միլլերը:

Կիրակի ուկրաինական ուժերը անօդաչուով հարված են հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռադարին։ Ուկրաինայի հետախուզության անանուն աղբյուրը փոխանցել է, որ նմանատիպ հարվածը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ էր՝ ռուսական ռազմուժի համար կարևոր ենթակառուցվածքներին, որոնց միջոցով Մոսկվան կարողանում է հետևել Ուկրաինայի բանակի տեղաշարժերին:

Աղբյուրի համաձայն, այս անգամ թիրախում էր Օրենբուրգի նահագնի Օրսկ բնակավայրի մոտ գտնվող և ռազմավարական զսպման համար կիրառվող ռադիոտեղորոշիչ կայանը՝ Воронеж-М-ը, որը Ուկրաինայի սահմանից հեռու է մոտ 1500 կիլոմետր։

Թեև հստակ տեղեկություններ չկան, թե ինչ աստիճանի է վնասվել կայանը, սակայն տպավորում է, թե ինչ հեռահարության հարվածներ են այլևս կարողանում հասցնել ուկրաինական ուժերը:

XS
SM
MD
LG