Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերանայեն Կիևին առաքված արևմտյան սպառազինությամբ Ռուսաստանին հարվածելու սահմանափակումները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Արևմտյան երկրները պետք է վերանայեն Ուկրաինային մատակարարված արևմտյան սպառազինությամբ Ռուսաստանին հարվածելու սահմանափակումները, քանզի դրանք նվազեցնում են պաշտպանվելու ուկրաինական ուժերի հնարավորությունը՝ երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ելույթ ունենալով Բուլղարիա կատարած այցի ժամանակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն հիշեցրել է՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա միջազգային իրավունքի խախտում է, և Կիևն իրավունք ունի պաշտպանվել, ներառյալ՝ «Ուկրաինայից դուրս օրինական թիրախներին» հարվածելու միջոցով։

«Այժմ այդ ամենի ականտեսն ենք Խարկովի մարտերում։ Ռուսական ուժերը գտնվում են Ռուսաստանի տարածքում և հարձակվում են Ուկրաինայի տարածքի վրա։ Ճակատային գիծը, ընդհանուր առմամբ, սահմանային գիծ է, և եթե չես կարող գրոհել առաջնագծի մյուս կողմում գտնվող ռուսական ուժերին, քանզի նրանք գտնվում են սահմանի մյուս կողմում, ապա նվազեցնում ես [քո] ուժերի հնարավորությունները՝ պաշտպանվել»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընդգծել է, որ ալյանսը հակամարտության կողմ չէ՝ հավելելով, սակայն, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները իրավունք ունեն օգնել Ուկրաինային՝ պաշտպանվելու, և տրամադրել ռազմական աջակցություն:

ՆԱՏՕ-ի ղեկավարի հայտարարությունը հնչեց ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ արեց գործընկեր-պետություններին «աջակցել ռուսաստանցի ահաբեկիչների դեմ կանխարգելիչ պաշտպանությանը»՝ նախևառաջ նկատի ունենալով ԱՄՆ կողմից սահմանված սահմանափակումները՝ Ռուսաստանին ամերիկյան սպառազինությամբ հարվածելու առնչությամբ։

«[Մեզ անհրաժեշտ է] պաշտպանության այնպիսի տեսակ, որը կուղղվի ահաբեկիչների դեմ, որոնց հարված կհասցվի՝ նախքան նրանք կսկսեն կյանքեր խլել։ Կարող ենք տեսնել այն վայրերը, ուր կենտրոնացած են ռուսական զորքերը։ Գիտենք բոլոր տարածքները, որտեղից արձակվում են ռուսական հրթիռները և օդ են բարձրանում մարտական ինքնաթիռները»,- ասել է Զելենսկին:

Միացյալ Նահանգները «դեմ է նման հարվածներների՝ Ուկրաինայի սահմաններից դուրս», բայց Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում այլ երկրների կողմից տրամադրվող սպառազինությունների վերաբերյալ՝ անցած շաբաթ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ուկրաինան ինքնիշխան երկիր է, և նրա՛նք պետք է իրենց որոշումները կայացնեն, երբ խոսքը վերաբերում է զենքի օգտագործմանը, որը նրանք ձեռք են բերել, կամ արտադրել, օրինակ՝ անօդաչուներ, որոնք իրենք են արտադրում և օգտագործում են», - ասել է Միլլերը:

Այս ամենի ֆոնին՝ երկուշաբթի Մոսկվան հայտնել է, որ երկրի արևմտյան շրջաններից մեկում՝ Օրյոլի մարզի Լիվնի քաղաքում, բենզալցակայանին ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել:

Ի հավելումն, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երկուշաբթի հայտարարել է, թե ռուսական հակաօդային պաշտպանության ուժեը ոչնչացրել են ուկրաինական վեց անօդաչուներ՝ Օրյոլի, Կրասնոդարի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում:

Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ նահագնի երկու գյուղերում՝ անօդաչուների բեկորներից հրդեհ է բռնկվել, վնասվել են շենքեր:

Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG