Մատչելի հղումներ

Ռուսական արբանյակի արձակումը խորացնում է մտահագությունը տիեզերքում հակամարտության բռնկման վերաբերյալ


Ռուսաստանն արբանյակ է արձակել է ցածր մերձերկրյա ուղեծիր
Ռուսաստանն արբանյակ է արձակել է ցածր մերձերկրյա ուղեծիր

Վաշինգտոնի՝ այս շաբաթ արված հայտարարությունը, թե Ռուսաստանն արբանյակ է արձակել է ցածր մերձերկրյա ուղեծիր, որը կարող է ոչնչացնել այլ արբանյակներ, հարուցել է Կրեմլի դժգոհությունը․ Մոսկվան շտապել է հերքել հայտարարությունը:

Տեզերքում, կարծես, աճում է լարվածությունը ԱՄՆ ու Ռուսաստանի միջև… ։«Ռուսաստանը արբանյակ է արձակել ցածր մերձերկրյա ուղեծիր, որը, մեր գնահատմամբ, ամենայն հավանականությամբ կարող է զենք կրել և կարող է գրոհել այդ հարթությունում գործող այլ արբանյակներ: Ռուսաստանը այս նոր զենքը տեղակայել է նույն ուղեծրում, ինչ ԱՄՆ կառավարության արբանյակն է»,- ասում է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Փենսիլվանիայի համալսարանի ներկայացուցիչ Բենջամին Շմիթը կարծիք է հայտնում, որ նման քայլը նաև տիեզերքում Կրեմլի ագրեսիվ քաղաքականության օրինակներից է:

«Այն կարող է ունենալ հակաարբանյակային զենք։ Հայտնի է որպես ստվերային արբանյակ կամ դիտորդ արբանյակ։ Կարող է մոտենալ այլ արբանյակների, որոնց կարող է զննել»,- ասում է Շմիթը:

Կրեմլը արձագանքել է ԱՄՆ հայտարարությունը՝ այն անվանելով «կեղծիք» և պնդելով, թե, իբր, պատրաստակամ է աշխատել՝ տիեզերքում միջազգային համագործակցության ուղղությամբ:

«[Ռուսաստանն] է, որ կանխելու է տիեզերքը զինված դիմակայության ևս մեկ ոլորտի վերածելը։ Կշարունակենք աշխատել տիեզերքի բացառապես խաղաղ ուսումնասիրության ուղղությամբ՝ ի շահ ողջ մարդկության և հավասար հիմունքներով»,- ասում է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Այս շաբաթ՝ ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ-ին ներկայացրեց բանաձևի նախագիծ՝ տիեզերքի ռազմականացումը կանխելու վերաբերյալ:

«Այն միտված է վերահաստատել պետությունների պարտավորությունները՝ չօգտագործել տիեզերական տարածությունը՝ ցանկացած տեսակի զենք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք տեղակայելու նպատակով»,- ասում է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

ԱՄՆ-ն քննադատել է Կրեմլի առաջարկած նախագիծը։

«Ճշմարտությունն այն է, որ ներկայում տիեզերքում Ռուսաստանն ունի մի քանի հակաարբանյակային զենքեր, որոնցից մեկը փորձարկել է 2019 թվականին: Ավելին, Ռուսաստանը բազմիցս սպառնացել է զենքով թիրախավորել արբանյակները, ներառելով՝ առևտրային արբանյակները»,- ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը:

Ամերիկացի օրենսդիրները իրենց մտահոգությունն են հայտնել:

«Վերջերս Ռուսաստանը արձակեց տիեզերքում կիրառվող զենք, որը կարող է խոցել ԱՄՆ արբանյակները։ Ռազմական հանցագործ Պուտինին պետք է զսպել․ մենք աջակցում ենք մեր դաշնակիցներին»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը:

«Այն պարզապես ցույց է տալիս, որ Ռուսաստանը կրկին ագրեսիվ քայլեր է ձեռնարկում»,- նշում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Էնդի Բարը:

2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանը անցկացրեց հակաարբանյակային զենքի փորձարկում՝ ուղեծրում բեկորների դաշտ ստեղծելով։

XS
SM
MD
LG