Մատչելի հղումներ

Հնարավո՞ր է Թրամփի թեկնածությունը սատարի ամերիկյան մեկ այլ կուսակցություն


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Չորս տարին մեկ՝ ամռանը, ԱՄՆ երկու խոշոր կուսակցությունները՝ Դեմոկրատականն ու Հանրապետականն առաջադրում են երկրի նախագահի իրենց թեկնածուներին։ Այս տարի հուլիսին այդ նպատակով Միլուոկի քաղաքում հավաքվելու են հանրապետակաները՝ ըստ ամենայնի, իրենց ձայնը տալու Թրամփին։

Այս տարի ԱՄՆ Ազատական կուսակցության համագումարը ուշադրության կենտրոնում է։ Պատճառն այն է, որ այս տարի նահանգների մեծ մասի քվեաթերթիկներում առկա է լինելու նաև այս կուսկացության թեկնածուի անունը։

Հարցումները ցույց են տալիս, թե որքան է թեժացել պայքարը դեմոկրատ Ջո Բայդենի, հանրապետական Դոնալդ Թրամփի և անկախ թեկնածու համարվող Ռոբերտ Քենեդիի միջև։ Սակայն էլ ավելի ուշագրավ է, որ որոշ տատանվող նահանգներում Ազատական կուսակցության թեկնածուի օգտին պատրաստ են քվեարկել 10%-ից ավելին, ինչը կարող է լուրջ նշանակույուն ունենալ ընտրությունների ելքի համար։

Հնարավո՞ր է Թրամփի թեկնածությունը սատարի ամերիկյան մեկ այլ կուսակցություն
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

ԱՄՆ նախագահի Ազատական կուսակցության թեկնածուներն ամերիկյան լայն հանրությանն անհայտ են։ Կուսակցության մոտ հազար պատվիրակներ որոշելու են, թե, ի վերջո, ով է ներկայացնելու իրենց քաղաքական ուժը գալիք նախագահական ընտրություններում։

«Ազատական կուսակցություն. մեծ երեկո է լինելու: Ժողովի ավարտին մարդկանց մի մասը աջ կողմում են լինելու, մյուսները՝ ձախ: Սակայն մի հարցում բոլորս համակարծիք ենք՝ պետությունը չափազանց մեծ վերահսկողություն ունի։ Ցանկանում ենք սահմանափակել այն ու իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- ասում է Ազատական կուսակցության նախագահ Նաթան Պոլսկին։

Սակայն ազատականների համագումարում անսպասելի իրադարձություն է նախատեսված․ շաբաթ երեկոյան ելութով հանդես է գալու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ըստ The Washington Post-ի, հորդորելու է սատարել իր թեկնածությունը:

Ազատական կուսակցության պատվիրակներից, Վիրջինիայի բնակիչ Ջեյմս Սենտ Ջոնի կարծիքով, Թրամփի նպատակը ուշադրություն գրավելն է։

«Նրա համար հնարավորություն է խոսել։ Կարող է խոսել, օրինակ, այլ մարդկանց առջև, որոնք, հավանաբար, չեն լսի նրան: Սա է հիմնական պատճառը, որ նա ցանկանում է ելույթ ունենալ»,- ասում է Ջոնը:

Անցած շաբաթ ելույթ ունենալով Ազգային հրաձգային ասոցիացիայի ներկայացուցիչների առջև՝ Թրամփը զուսպ էր, թե արդյոք կհաջողվի ստանալ Ազատական կուսակցության աջակցությունը:

«[Ազատական կուսակցության հետ] նմանություններ շատ ունենք: Նրանք ողջամիտ մարդիկ են։ Որոշակի հարցերում տարբերություններ կան մեզ հետ, բայց պետք է միանանք նրանց, քանի որ անկախ նրանից, թե ով է առաջադրվում նրանք ստանում են իրենց 3%-ը, և մենք պետք է ստանանք այդ 3%-ը, քանի որ չենք կարող թույլ տալ, որ Ջո Բայդենը հաղթի»,- ասում է Դոնալդ Թրամփը:

Սակայն Ազատական կուսակցությունում թերահավատները քիչ չեն, որ Թրամփին կհաջողվի այդ անել։

«Նա կստանա՞ ազատականների ձայնը: Ո՛չ: Կարո՞ղ են որոշ ազատականներ քվեարկել նրա օգտին: Անշուշտ, այո։ Դրանցից մեկը կլինե՞մ։ Ո՛չ»,- ասում է Վերմոնտից ընտրված Ազատական կուսակցության պատվիրակ Ան Լեպելթիեն:

Նախագահ Բայդենը նույնպես հրավիրվել է ազատականների համաժողովին՝ ելույթ ունենալու, սակայն չի ընդունել առաջարկը։

XS
SM
MD
LG