Բանավիճե՞լ, թե՞ ոչ։ ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը մայիսի 15-ին հայտարարեց. «Ինձ հետ երկու բանավեճերում՝ 2020 թվականին, Դոնալդ Թրամփը պարտվեց, որից հետո խուսափեց բանավեճից: Հիմա իրեն այնպես է պահում, կարծես ուզում է նորից բանավիճել ինձ հետ: Դե, ուրեմն պատրաստվիր»։
Առայժմ հայտնի են երկու բանավեճերի օրերը՝ հունիսի 27-ն ու սեպտեմբերի 10-ը:
Դոնալդ Թրամփը ուրբաթ՝ Մինեսոտայում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ պատասխանել է Բայդենին. «Պարզապես ուզում եմ բանավիճել այդ տղայի հետ։ Պահանջելու եմ թեստ անցկացնել՝ պարզելու, թե արդյոք թմրամիջոցներ կիրառվել են: Չեմ ուզում, որ նա խոսի այնպես, ինչպես [ԱՄՆ Կոնգրեսի առջև] իր տարեկան ուղերձի ժամանակ էր»։
Թրամփն իր խոսքերը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել։
Դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը քննադատել է Թրամփին. «Նա ցանկանում է ստեղծել կրկեսային մթնոլորտ։ [Մինչդեռ, Բայդենը] պայքարում է միջին խավի համար, հանուն արժանապատվության ու պարկեշտության։ Դոնալդ Թրամփ քաոս բերող է»։
Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Մարկ Լոտերը ողջունել է երկու թեկնածուների միջև բանավեճի գաղափարը։
«Այն կլինի ուղիղ եթերում։ Դոնալդ Թրամփը շաբաթը երկու կամ երեք անգամ 90 րոպե քարոզ է կարդում: Ջո Բայդենը հազվադեպ է մեծ հարցազրույցներ տալիս: Սա մարտահրավեր է լինելու նախագահ Բայդենի համար»,- ասում է նա։
Բանավեճերը կանցկացվեն առանց լսարանների՝ CNN-ի և ABC-ի եթերներում, միջոցառումները վարող հաղորդավարները, օրինակ, կկարողանան անջատել խոսափողները, եթե թեկնածուները փորձեն ընդհատել միմյանց։
Հասկանալի է, բանավեճերի նպատակն է օգնել ընտրողներին կողմնորոշվել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ՝ ասում է Ռոջեր Ուիլյամսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջուն Սփիքմենը:
«Թրամփը հատկապես լավ է կենտրոնանում իր հակառակորդի բացասական կողմերի վրա: Ենթադրում եմ, Բայդենը կփորձի կենտրոնանալ խնդիրների վրա, տնտեսությունում իր արածի և ավելի քիչ՝ Թրամփի ուղղությամբ»,- ասում է նա։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Ֆորտիերը կարծիք հյատնեց, թե որպեսզի բանավեճի արդյունքները սկսեն ազդել ընտրողների վրա, ժամանակ է հարկավոր․ «Բազմաթիվ ընտրողներ ուշադրություն են դարձնում բանավեճերին։ Դրանք մեծ թվով դիտումներ են ունենում, և մարդիկ հետևում են, որպեսզի ի վերջո կողմնորոշվեն»:
Սպասվում է, որ Թրամփը մայիսի 23-ին կայցելի Հարավային Բրոնքս։ Բայդենը մայիսի 21-ին կժամանի Նյու Հեմփշիր, այնուհետև՝ կմեկնի Բոստոն: