Մատչելի հղումներ

Ամերիկացի ընտրողների համար տնտեսական հարցերը առաջնային են


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ տնտեսությանը վերաբերող հարցերն ամերիկացի ընտրողներ համար կարևորներից են։ Նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ անդրադարձավ նոր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներին։ Թրամփը խոստացավ՝ ընտրվելու դեպքում չեղարկել Սպիտակ տան ենթակառուցվածքային ծրագրերը և խթանել նոր նավթահորերի գործարկումը։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քարոզարշավի ուշադրության կենտրոնում նոր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներն էին, որոնց մասին Սպիտակ տան ղեկավարը խոսեց Վիսկոնսին նահանգում, ուր Microsoft-ը շուրջ 3․3 միլիարդ դոլար է ուղղել տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծմանը, որը, Բայդենի խոսքով, «մասնավոր հատվածում առկա լավատեսության ևս մեկ օրինակ է»:

«Առ այսօր ապահովել ենք, որ մասնավոր ոլորտը 866 միլիարդ դոլար ներդրումներ կատարի ողջ երկրում։ Գրեթե մեկ տրիլիոն դոլար, և սա պատմական մեծություն է նման կարճ ժամանակահատվածում, և որը կստեղծի հարյուր հազարավոր աշխատատեղեր։ Կկառուցվեն կիսահաղորդիչների, էլեկտրական մեքենաների, մարտկոցների և այդ կարգի այլ նոր գործարաններ։ Բոլորն այստեղ՝ Ամերիկայում»,- ասում է ԱՄՆ նախագահը:

Microsoft-ի տվյալների նոր կենտրոնը հիմնվում է նույն վայրում, ուր վեց տարի առաջ՝ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց էլեկտրասարքավորումներ արտադրող Foxconn-ի կողմից 10 միլիարդ դոլար ներդրմամբ գործարան կառուցելու մասին, որի արդյունքում նահանգում պետք է ստեղծվեր մոտ 13 հազար նոր աշխատատեղ: Գործարանը չկառուցվեց, և Բայդենի ներկայացմամբ՝ այն Թրամփի սին խոստումներից էր։

Բայդենը հանդես է գալիս հօգուտ ենթակառուցվածքային ծախսերի։ Թրամփի խոսքով, դրանք միջոցների վատնում են
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

«Նա եկավ այստեղ՝ ձեր սենատոր Ռոն Ջոնսոնի հետ, ձեռքին ոսկե բահ և խոստացավ կառուցել աշխարհի ութերորդ հրաշալիքը: Ձե՞ռ ես առնում․․․։ Տեսեք՝ ինչ պատահեց։ Այդ ոսկե բահերով մի փոս փորեցին, հետո ընկան մեջը»,- ասում է նախագահ Բայդենը։

Իր հերթին՝ Թրամփը քննադատել է Բայդենի տնտեսական քաղաքականությունը, թե վերջինս չի կարողանում լուծել երկրի տնտեսության առջև կանգնած խնդիրները, և ապացույցը բարձր գնաճն է։

«Տնտեսությունում գործերը լավ չեն։ Գնաճն այնքան բարձր է, որ հասել է տանիքներին: Նրանք չեն կարողանա նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Քաղաքական հարց է, եթե գնան դրան՝ շատ վատ կլինի»,- ասում է Դոնալդ Թրամփը:

Թրամփի քարոզարշավի քննադատության թիրախում են հայտնվել Բայդենի վարչակազմի կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծախսերը, այդ թվում՝ մաքուր էներգիայի և նոր տեխնոլոգիաների ոլորտում:

«Պաշտոնը ստանձնելուց հետո անհապաղ կկասեցնեմ բոլոր նոր դրամաշնորհներն ու բոնուսները, որոնք արվում են՝ Ջո Բայդենի սոցիալիստական հսկայածավալ օրինագծերի համաձայն, ինչպես, օրինակ, «Գնաճի նվազեցմանն ուղղված օրենքն» է: Խնայելու ենք այդ ողջ գումարը»,- ասում է Թրամփը:

Այնինչ, Բայդենի խոսքով, ենթակառուցվածքներին ուղղված գումարները օգնում են ԱՄՆ-ի տնտեսությանը։

«Ճանապարհներ, մայրուղիներ և շատ ավելի այլ բաներ կստեղծվեն ամերիկյան արտադրության շնորհիվ, ամերիկացի աշխատողների ձեռքով՝ ստեղծելով լավ վարձատրվող ամերիկյան աշխատատեղեր»,- ասում է Բայդենը:

Թրամփի խոսքով, աշխատատեղեր ստեղծելու իր ծրագիրը նախատեսում է նավթահորերի հորատման սահմանափակումների վերացում և ամերիկյան աշխատաշուկան ապօրինի ներգաղթյալներից պաշտպանելը:

«Ո՞րն է աշխատատեղեր ստեղծելու իմ ծրագիրը․․․։ Հորատել և հորատել, փակել սահմանը, ազատվել բոլոր հանցագործներից, որոնց թույլ են տալիս մտնել մեր երկիր»,- ասում է Թրամփը:

Harvard CAPS / Harris Poll-ի կողմից այս ապրիլին անցկացված սոցհարցման համաձայն, ԱՄՆ ընտրողների համար գնաճը ամենից լուրջ խնդիրն է, և միայն յուրաքանչյուր երրորդն է ասել, որ տնտեսությունը ճիշտ ուղու վրա է:

XS
SM
MD
LG