Մատչելի հղումներ

Նյու Յորքում շարունակվում է Թրամփի դատավարությունը


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Դատարանում սկսել է ցուցմունք տալ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը։ Նա համարվում է ԱՄՆ նախկին նախագահի դեմ ընթացող դատավարության հիմնական վկաներից մեկը։

Նյու Յորքում շարունակվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատավարության առանցքային վկայի հարցաքննությունը։ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի ցուցմունքները կարող են վճռորոշ դեր խաղալ դատավարությունում։

Թրամփին մեղադրում են պոռնոասռղ Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարումը թաքցնելու մեջ, որպեսզի վերջինս չհրապարակի ԱՄՆ նախկին նախագահի հետ իր ենթադրյալ սիրային կապը։

Մեղադրող կողմը, մասնավորապես, փորձում է ապացուցել, որ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի կատարած վճարումները ֆինանսական փաստաթղթերում նշվել են որպես իրավական ծախսեր։ Դատավարության ժամանակ նախկին նախագահի պաշտպանական կողմը փորձում է հիմնավորել, որ Մայքլ Քոհենի ցուցմունքները արժանահավատ չեն:

Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է. «Բոլոր մեկնաբանությունները, բոլոր իրավական փորձագետները, որոնց կարծիքները կարդացել եմ, վկայում են, որ հանցագործություն չկա։ Ամոթ է, որ նման բան թույլ տրվեց։ Դատավորը պետք է հեռանա։ Նա այս գործի հետ չպետք է կապ ունենա»։

Թրամփին աջակցելու համար` դատարանի շենք էր եկել հանրապետական գործիչների պատվիրակություն, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ` հայտարարելով, թե համաձայն չեն դատարանի որոշման հետ, ըստ որի Թրամփին արգելվում է մեկնաբանել վկաների ցուցմունքները։ Այդ գործիչների թվում էր Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Մեթ Գեյցը։

«Չկա իշխանության որևէ ճյուղ, որին Մայքլ Քոհենը չխաբի: Նա ստել է դատավորին։ Նա ստել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, և ստել է իր շահի համար»,- ասում է Գեյցը:

«Անարդար գործընթաց է, որի նպատակն է վնասել այն թեկնածուին, ով կդառնա ԱՄՆ նախագահ»,- նշում է Վիրջինիայից ընտրված կոնգրեսական Բոբ Գուդը.

Չնայած Մայքլ Քոհենը հաստատել է, որ վճարել է Սթորմի Դենիելսին, Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում։ ԱՄՆ նախկին նախագահի փաստաբանները, հավանաբար, կփորձեն ապացուցել, որ Քոհենը անձնական շահ է հետապնդում` նման ցուցմունքներ տալով։

XS
SM
MD
LG