Երեքշաբթի Նյու Հեմփշիրում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրությունների՝ փրայմերիզի, շնորհիվ Դոնալդ Թրամփը ևս մեկ քայլ կատարեց դառնալու այս տարվա նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուն: Շահելով Այովա նահանգի փրայմերիզը՝ այժմ նա ունի ևս մեկ հաղթանակ՝ Նյու Հեմփշիրինը:
Թրամփի ելույթը ոմանք նմանացրեցին արդեն նախագահական ընտրություններում հաղթանակած մարդու խոսքերին։
«Մենք հաղթել ենք Բայդենին։ Կարծում եմ, ճիշտ խոսեցինք։ Ներգաղթը մեծ խնդիր է: Միլիոնավոր մարդիկ անօրինական կերպով մուտք են գործում մեր երկիր»,- հայտարարել է Թրամփը։
Ընդունված է համարել, որ Թրամփին ձայն տվողները հաստատակամ են իրենց որոշումներում։
«Իմ կյանքը կտայի այդ մարդու համար»,- առանց երկմտելու արտահայտվում է Թրամփի կողմնակից Քրիս Քոմփասը։
«Այս մրցավազքը հեռու է իր ավարտից: Դեռ տասնյակ նահանգներ պետք է քվեարկեն»,- ասում է ԱՄՆ նախագահի հանրապետական մեկ այլ թեկնածու Նիկի Հեյլին։
Չնայած Նյու Հեմփշիրում հանրապետականների փրայմերիզում Թրամփը առաջինն էր, սակայն ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Հեյլին կրճատեց իրենց միջև եղած վարկանիշային տարբերությունը՝ նահանգում բնակվող այն ընտրողների շնորհիվ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, օրինակ՝ Ջեսիկա Մինասյանը:
«Պարզապես փնտրում ենք մեկ այլ տարբերակ, ինչ-որ մեկին, ով կարող է գալ և համախմբել մեզ։ Ցանկանում ենք համախմբվել և լինել ամերիկացիներ»,- ասում է Մինասյանը։
Իսկ ի՞նչ է մտածում Դոնալդ Թրամփ-կրտսերը․ նա եկել էր ողջունելու կամավորներին:
«Նրանք չկողմնորոշված ընտրողներ չեն։ Նրանք դեմոկրատներ են»,- ասում է ԱՄՆ նախկին նախագահի որդին։
Դեմոկրատների մոտ իրենց հոգսերն են։ Փոքրիկ Պլիմութ քաղաքում ամենուր «Write-in Biden» ցուցանակներն են, ինչը նշանակում է՝ կուսակցական ընտրության քվեաթերթիկների վրա ձեռքով գրել Բայդենի ազգանունը և նետել արկղ, քանի որ ԱՄՆ նախագահի անունը չկար Նյու Հեմփշիրում կայացած դեմոկրատների փրայմերիզում։
«Թրամփի համար Հարավային Կարոլինան հնարավորություն է՝ ցույց տալ, որ կարող է հաղթել իր հակառակորդներից մեկին՝ Նիկի Հեյլիին նրա իսկ հարազատ վայրում»,- ասում է Սուրբ Անսելմի քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Քրիս Գալդիերին։
Հնարավոր է՝ այդ տեղի չունենա, եթե Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետը՝ Նիկի Հեյլին, կարողանա հասնել իր նպատակին, ուստի շտապում է անմիջապես սկսել իր քարոզարշավը հարազատ նահանգում։