Մարդկանց մի մասի համար Դոնալդ Թրամփի հանրահավաքին մասնակցելը՝ եկեղեցի այցելելու պես մի բան է։
«Իմ հավատքը առ Հիսուս անչափ կարևոր է: Գիտեմ, որ կա մի առաջնորդ՝ Դոնալդ Թրամփը, ով եղել է նախագահ և մեծ աշխատանք է կատարել: Նա կվերադառնա և կվերականգնի աստվածապաշտությունը՝ [ԱՄՆ նախագահի] գրասենյակում և մեր երկրում»,- ասում է Թրամփի աջակից Թրեյ Մալինսը:
Ավետարանականները և այլ պահպանողական քրիստոնյաները, հիմնականում, կիսում են կրոնին վերաբերող նախկին նախագահի մոտեցումները:
«Մենք կպաշտպանենք քրիստոնյաներին՝ մեր դպրոցներում, բանակում և կառավարությունում»,- ասում է Դոնալդ Թրամփը:
««Աստված, հրացանները և Թրամփը»․ հավանաբար, ինձ մոտ ամենից շատ վաճառվող վերնաշապիկներից մեկն է և եղել է նախորդ երկու-երեք տարիների ընթացքում»,- ասում է հուշանվերների վաճառքով զբաղվող Թոմաս Իսբելը:
Սակայն Թրամփի վարքը չես անվանի հավատավոր քրիստոնյայի պահվածք: Նախկին նախագահը երկու անգամ ամուսնալուծվել է։ Այժմ դատարանի առջև է՝ պոռնոաստղին կաշառելու, ում հետ ենթադրաբար սիրային կապ է ունեցել, և վճարված գումարը թաքցնելու համար՝ հաշվապահական գրառումները կեղծելու մեղադրանքներով։
Սակայն դիտորդները նշում են՝ նկատել են, որ Թրամփը փորձում է օգտագործել դատավարությունը՝ իրեն որպես զոհ ներկայացնելու համար, հիշատակելով Հիսուսին, ով խաչվեց մարդկության մեղքերի համար:
«Թրամփն վերջերս սկսել է գործածել նման բառաապաշար: Հաճախ է ասում. «Ինձ մեղադրում են ձեր պատճառով»»,- ասում է Կրոնի հետազոտության ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտ Ջոնսը։
«Այս Աստվածաշունչը [Անգլիայի] Ջեյմս թագավորի տարբերակն է»։
(Անգիայի Ջեյմս [Հակոբ] Առաջին արքան իշխել է 17-րդ դարի սկզբին և նրա կարգադրությամբ Աստվածաշունչը թարգմանվել է անգլերեն - ծնթ․՝ խմբ․)։
Չենք կարող ասել, թե Թրամթը կանոնավոր եկեղեցի է հաճախում, սակայն վերջերս ուշադրություն գրավեց, որ իր Truth Social հարթակում վաճառքի էր հանել մի Աստվածաշունչ:
Ըստ Associated Press-ի սոցհարցման, ԱՄՆ նախագահական նախորդ ընտրություններում սպիտակամորթ ավետարանական տաս քրիստոնյաներից ութն ընտրել էին Թրամփին: Pew Research Center-ի՝ այս տարի անցկացրած սոցհարցումը ցույց է տվել, որ սևամորթ բողոքականները նախընտրում են Բայդենին:
Կարծես այլ պատկեր ունենք նախագահ Բայդենի պարագայում ով կաթոլիկ է և պարտադիր մասնակցում է եկեղեցաական պատարագներին, սովորաբար՝ Դելավերում, ուր տուն ունի, իսկ եթե մայրաքաղաք Վաշինգտոնում է, ապա՝ Ջորջթաունում:
«Նա ուսանել է տղաների համար նախատեսված կաթոլիկ միջնակարգ դպրոցում և լուրջ վերաբերմուքն ունի առ հավատք»,- ասում է Բայդենի կողմնակից Փիթեր Սալիվանը։
2021 թվականին Բայդենն ու ԱՄՆ առաջին տիկինը Վատիկանում հյուրընկալվեցին Հռոմի պապի կողմից: Ֆրանցիսկոս հովվապետը փոխանցել էր նախագահ Բայդենին՝ ԱՄՆ երկրորդ կաթոլիկ նախագահին (առաջինը Ջոն Քենեդին էր – ծնթ․՝ խմբ․), որ չնայած աբորտի վերաբերյալ իր տեսակետներին, կարող է շարունակել սուրբ հաղորդություն ստանալ:
Բայդենի դիրքորոշումը աբորտի կատարելու իրավունքի հարցում բարդ հարց է որոշ կաթոլիկների համար: Նախորդ ընտրությունների ժամանակ անցկացված սոցհարցումը ցույց էր տվել, որ կաթոլիկները կիսվել էին Թրամփի և Բայդենի միջև:
«Խնդիր է նրա կողմից աբորտի իրավունքը պաշտպանելը: Տհաճ է տեսնել, թե իրեն կաթոլիկ հռչակած Ջո Բայդենն ինչպես չի պաշտպանում մեր պետության դեռ չծնված քաղաքացիներին»,- ասում է Աուրա Սթրիթմանը։
Երբ Բայդենը խոսում է կրոնի մասին, նկատի ունի ներառականությունը, որպեսզի դավանանքը չդառնա հանրությունը բաժանող գործոն:
«Հույսի, սիրո ուրախության մասին համընդհանուր ուղերձ եմ հղում՝ անկախ նրանից՝ քրիստոնյա եք, հրեա, հինդու, մահմեդական, դավանում եք բուդդայականություն կամ այլ հավատքի տեր մարդ եք, կամ ընդհանրապես հավատավոր չեք»,- ասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Ինչևէ, ընդունված է համարել որ Բայդենն ավելի մեծ տեղ է տալիս հավատքին։ Թրամփն այս հարցում ավելի զուսպ է՝ նշելով, թե Աստված պարզապես ներկա է իր կյանքում: