Մինչ այդ՝ տեղում գործող առողջապահական մարմինները և Ռաֆահի բնակիչները
հայտնել են երեքշաբթի իսրայելական նոր օդային հարվածների մասին նույն ճամբարի տարածքում:
Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելի գրոհների պատճառով նախորդ երեք շաբաթներին ավելի քան 1 միլիոն մարդ լքել է Ռաֆահը:
«Նշվածը տեղի է ունեում հանգրվանելու ապահով վայրի բացակայության և ռմբակոծությունների, սննդի և ջրի պակասի, աղբի կույտերի և ոչ պիտանի կենսապայմանների ֆոնին։ Օր օրի օգնություն ապահովելը դառնում է ավելի բարդ»,- X-ում տեղեկացնում է գործակալությունը:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատար Մարտին Գրիֆիթսը երկուշաբթի հայտարարություն է տարածել, ուր կիրակնօրյա հարձակումն անվանել է «անընդունելի» և քննադատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ում խոսքով, Ռաֆահում տեղի ունեցածը «ողբերգական սխալ» է։
«Արդյո՞ք հարձակումը ռազմական հանցագործություն էր, թե «ողբերգական սխալ», Գազայի ժողովրդին պարզ է։ Այն, ինչ տեղի է ունեցել դաժանություն է: «Սխալ» անվանելը մի խոսք է, որը ոչինչ չի նշանակում»,- ասել է Գրիֆիթսը:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի, իրենք «զգուշացրել են, որ Ռաֆահում ռազմական գործողությունը կհանգեցնի սպանդի», և որ Գազայում անվտանգ տարածքներ կամ հումանիտար գոտիներ չկան:
Իսրայելը հայտարարել է, որ հարձակման արդյունքում սպանվել են «Համասի» երկու բարձրաստիճան զինյալներ:
«Չնայած մեր ջանքերին՝ չվնասելու նրանց, ովքեր ներգրավված չեն [մեր դեմ ռազմական գործողություններին], ցավոք, անցած գիշեր ողբերգական սխալ է տեղի ունեցել: Հետաքննում ենք կատարվածը»,- Իսրայելի խորհրդարանում հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը բազմիցս է նշել, որ իսրայելական ուժերը ցամաքային գործողության են դիմելու Ռաֆահում, որպեսզի երաշխավորեն՝ Գազայի հատվածում «Համասի» չեզոքացումը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտել է Ռաֆահում տեղի ունեցածը՝ նշելով, թե պարզ է, որ քաղաքացիական անձանցով լի տարածքին հարվածելու որոշումը հանգեցնելու էր պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան:
Թյուրքը Իսրայելին կոչ է արել ենթարկվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի անցած շաբաթ կայացրած որոշմանը՝ դադարեցնել Ռաֆահում ռազմական գործողությունները։ ՄԱԿ-ի պաշտոնյան նաև հորդորել է պաղեստինյան զինված խմբավորումներին վերջ տալ Իսրայելի հրթիռակոծությանը և ազատ արձակել պատանդներին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Իսրայելի գործողությունները անվանել է «սարսափելի» և հորդորել դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում:
«Սարսափելի է տեսնել անմեղ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունը: Ներքին տեղահանվածների համար Ռաֆահում անվտանգ գոտի չկա»,- նշել է Միշելը X-ում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի հետապնդել «Համասի» ներկայացուցիչներին, ովքեր պատասխանատու են իսրայելցի խաղաղ բնակչության դեմ հարձակումների համար, սակայն Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
Պաղեստինյան փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը Գազայի հատվածում իրավիճակը բնութագրել է «դժոխք երկրի վրա»:
«Ռաֆահից ստացվող տեղեկությունը՝ ապաստան փնտրող ընտանիքների վրա հարձակումների մասին սարսափելի է»,- ասված է ՄԱԿ-ի գործակալության հայտարարությունում:
Գազայի առողջապահության ծառայության ներկայացմամբ, ավիահարվածի հետևանքով փախստականների ճամբարի վրաններում հրդեհ է բռնկվել։ Իսրայելի ներկայացմամբ, ավիահարվածի արդյունքում սպանվել է Հորդանան գետի արևմտյան ափին «Համասի» զինված խմբավորումների շտաբի պետ Յասին Ռաբիան:
Կատարի արտգործնախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ հարձակումը կարող է բարդացնել հրադադարին և պատանդների ազատ արձակմանն ուղղված միջնորդության ջանքերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և «հարգել միջազգային իրավունքը»։
«Վրդովված եմ իսրայելական հարվածներից, որոնց հետևանքով բազմաթիվ տեղահանվածներ են զոհվել Ռաֆահում: Այդ գործողությունները պետք է դադարեցվեն։ Ռաֆահում պաղեստինցի խաղաղ բնակիչների համար անվտանգ տարածքներ չկան»,- նշել է Մակրոնը սոցցանցում։
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 240-ին։ Ինչին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 36 հազար հոգի։
Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները: