Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գործակալությունը Գազայում իրավիճակն անվանել է՝ «դժոխք երկրի վրա»


Սգացողը արձագանքում է պաղեստինցու դիակին, որը սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով տեղահանվածների համար նախատեսված տարածքի վրա, Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, 27 մայիսի, 2024 թ.
Սգացողը արձագանքում է պաղեստինցու դիակին, որը սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով տեղահանվածների համար նախատեսված տարածքի վրա, Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, 27 մայիսի, 2024 թ.

Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունն իրավիճակը Գազայում երկուշաբթի անվանել է՝ «դժոխք երկրի վրա», Ռաֆահին հասցված իսրայելական ավիահարվածից հետո, որի հետևանքով, ըստ Գազայի առողջապահական ծառայության, սպանվել է առնվազն 45 մարդ:

«Ռաֆահից ստացվող տեղեկությունը՝ ապաստան փնտրող ընտանիքների նկատմամբ իրականացվող գրոհների մասին, սարսափելի է։ Զոհվածների թվում են երեխաներ ու կանայք»,- ասված է ՄԱԿ-ի գործակալության հայտարարությունում:

Իսրայելի բանակի փոխանցմամբ, քննում է Ռաֆահում կատարվածը, այն բանից հետո, երբ կիրակի օրը իսրայելական ավիահարվածից հետո հաղորդվեց, թե սպանվել են «Համասի» երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Գազայի առողջապահական ծառայության ներևկայացմամբ, հարվածի հետևանքով հրդեհ է բտնկվել վրանային ավանում, և զոհերից զատ, տասնյակ մարդիկ են վիրավորվել:

Ինչևէ, իսրայելական զինուժի պնդմամբ, ավիահարվածը ճշգրիտ էր, որի արդյունքում սպանել է Հորդանան գետի արևմտյան ափին «Համասի» ուժերի գլխավոր շտաբի պետ Յասին Ռաբիան:

Կատարի արտգործնախարարությունը երկուշաբթի հայտարարել է, թե հարվածը կարող է բարդացնել հրադադարին և պատանդների ազատ արձակմանն ուղղված միջնորդության ջանքերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և «հարգել միջազգային իրավունքը»։

«Վրդովված եմ Իսրայելի հարվածներից, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել Ռաֆահում։ Այդ գործողությունները պետք է դադարեցվեն։ Ռաֆահում պաղեստինցի խաղաղ բնակիչների համար անվտանգ տարածքներ [այլևս] չկան»,- նշել է Մակրոնը։

Անդրադառնալով կատարվածին՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը երկուշաբթի հայտարարարել է, թե միջազգային հանրությունը երկընտրանքի առջև է, թե ինչպես կարող է կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի՝ անցած շաբաթ կայացրած որոշումը, որը Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի կառույցն է, սակայն իր որոշումները կյանքի կոչելու գործուն մեխանզիմներ չունի:

Հայտնի է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի խոստումը, թե իսրայելական ուժերը չեն թողնի Գազայի հատվածը, քանի դեռ «Համասի» ներկայությունն այնտեղ չի չեզոքացվել:

Իր հերթին՝ «Համասը» կիրակի հայտարարել է, թե «լուրջ հրթիռակոծության» է ենթարկել Իսրայելի տնտեսական կենտրոն Թել Ավիվը: Քաղաքում լսելի էին օդային տագնապի ազդանշանի ձայները, սակայն Իսրայելի փոխանցմամբ զոհեր և ավերածություններ չկան:

Հարկ է նշել որ այս հունվարից ի վեր սա՝ նման հեռավորությամբ Գազայից արձակված առաջին հրթիռային հարվածն էր:

«Համասի» «Իզեդին ալ-Քասամ» զինված թևի Telegram-յան գրառումից տեղեկանում ենք, որ Թել Ավիբի ուղղությամբ գրոհն իրականացվել է ի պատասխան «խաղաղ բնակչության դեմ սիոնիստական ռեժիմի իրականացրած ջարդերի»:

Իսրայելական զինվորականների համաձայն, Ռաֆահի մերձակայքից հրեական պետության ուղղությամբ ութ հրթիռ է արձակվել, որոնց մի մասին իսրայելական ուժերը կարողացել են որսալ։

Մարդասիրական օգնության հետ կապված իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է, որ մարդասիրական օգնությամբ ու վառելիքով լի բեռնատարաներին հաջողվել է անցել «Կերեմ-Շալոմ» անցակետը և մուտք գործել Գազայի հատված` կարևորելով խաղաղ բնակիչների պաշտպանության և սննդի, ջրի ու ապաստանի հասանելիության անհրաժեշտությունը:

«Քանի որ մարդասիրական օգնության առաքումնեևը մոտ են կանգ առնելուն, [ՄԱԿ-ի] գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պետք է նպաստեն Եգիպտոսից՝ «Կերեմ-Շալոմ» անցակետի միջոցով մուտք գործող մարդասիրական բեռների անվտանգ տեղափոխմանը և այդ բեռների առաքմանը կարիքավորներին», - ասված է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում:

Օգնություն բերող բեռնատարները Գազա են մուտք գործել նոր պայմանավորվածության արդյունքում, այն բանից հետռո, երբ մայիսի սկզբին իսրայելական ուժերը գրավեցին Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը:

Եգիպտոսը հրաժարվում է իր կողմից բացել Ռաֆահի անցակետը, քանի դեռ իսրայելցիները չեն հեռացել անցակետի պաղեստինյան մասից, և միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսսիի հեռախոսազրույցից հետո, Կահիրեն համաձայնել է ժամանակավորապես գործարկել «Կերեմ-Շալոմի» ուղղությունը:

Նախորդ ամիսներին վերջինս հաճախ էր փակ՝ Գազայում ռազմական գործողությունների պատճառով։ Իսրայելի ներկայացմամբ, արդեն իսկ այդ անցակետով հարյուրավոր բեռնատարների են մուտք գործել Գազա։ ՄԱԿ-ի համաձայն, բեռնափոխադրմամբ հարցը չի փակվում, քանի որ տակավին անչափ վտանգավոր է այդ օգնությունը մարդկանց բաշխելը։

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 240-ին։ Ինչին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 36 հազար հոգի։

Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG